ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՆՎԻՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ․․․․

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՆՎԻՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ․․․․

2018-07-17T12:09:10+00:00 July 17th, 2018|Վայոց Ձոր, Լրահոս|

Ներքին համոզմունք կա, թե հուշարձանների պահապանները պետք է լինեն բացառապես տղամարդիկ, այն էլ ֆիզիկապես ուժեղ, քանի որ մեր լեռնային երկրում հուշարձանները հաճախ այնպիսի բարձրադիր գոտիներում ու անմատչելի վայրերում են գտնվում, որ նշված վայրերը հասնելու  համար տղամարդկային  ուժ և համառություն է հարկավոր։ Սակայն լինում են դեպքեր, երբ, հակառակ բոլոր համոզմունքների, կանայք երբեմն ավելի համառ, պատասխանատու և ուժեղ են գտնվում։ Այս անգամ մեր հերոսը նշված հատկանիշներից բացի, նաև անսահման էներգիայի տեր մարդ է, ով սիրում է իր աշխատանքը և երբեք չի զլացել ամսվա ընթացքում մի քանի անգամ այցելել այն 111 հուշարձանների տարածքները, որոնք իր պահպանության տակ էին՝ հակառակ  անգամ տարիքին ու փոքրամարմին  լինելուն։

Մանկավարժների  ընտանիքում  ծնված  ՊՄՊ Վայոց  ձորի, այսօր արդեն նախկին պահապան Ջուլետա Գաբրիելյանը աշխատանքային հարուստ կենսագրություն ունի։ Սկսել է աշխատել  դեռ Երևանի Պետական Համալսարանի վիճակագրութան ֆակուլտետի հեռակա ուսանող լինելու տարիներին։ Եղեգնաձորի շրջանային կուլտուրայի հրահանգիչից, ջոկատավարից, ապա Պիոներ տան վարիչից մինչև շրջկոմի բաժնի վարիչ ու շրջկոմի երկրորդ քարտուղար։ Դրանով սակայն չի սահմանափկվել, Շրջսովետի գործադիր կոմիտեի պլանային հանձնաժողովի նախագահին հետագայում վստահվել է Եղեգնաձորի  շրջխորհրդի գործադիր կոմիտեի քարտուղարի աշախատանքը, ապա նշանակվել է Եղեգնաձորի շրջանի պետական արխիվի վարիչ։  2000 թ․ աշխատանքի է անցել  ՊՄՊ Վայոց  ձորի մարզային ծառայությունում, նախ որպես գործավար-մեքենագրուհի, ապա՝ պահապան։

«Այն ժամանակ չէի էլ մտածում, որ մի օր աշխատանքի կանցնեմ հուշարձանների պահպանության ոլորտում։ Ոչ այն պատճառով, որ մինչև այդ զբաղեցրած պաշտոններն ավելի պատասխանատու էին, ուղղակի մտքովս չէր անցնում։ Բայց պիտի խոստովանեմ, որ գլխավոր պատճառը ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն էր։ Մենք ոչ միայն վաղեմի գործընկերներ ենք, այլև մտերիմ մարդիկ։ Հուշարձանների նկատմամբ նրա անսահման նվիրումն ու սերը վարակիչ եղավ ինձ, իսկ այսօր արդեն` մարզային ծառայության բոլոր աշխատակիցների համար։  Գիտեք  մենք գործի նվիրյալների մի հրաշալի կոլեկտիվ ունենք և դա տիկին Մելանյայի շնորհիվ է։»,- ոգևորված ասում է Ջուլետա Գաբրիելյանը։

Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, դրանց սկսել է ծանոթանալ ուսանողական տարիներին, երբ զբոսաշրջային էքսկուրսիաներ են կազմակերպել պատանիների համար։  Հուշարձանների տարբեր տարածքներ կատարած արշավներն ու դրանց վերաբերյալ պատմական տեղեկություններին ծանոթանալն էլ դարձել են ոլորտին նվիրվելու պատճառը։

 

 

Հայ գրականության երկու հսկաների՝ Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի մտերմությունը հոր հետ ու այցելությունները նրանց ընտանիք ճակատագրական նշանակություն են ունեցել Ջուլետայի համար։ Հակառակ տեսողական խնդիրներին, հաճախ է ծնողներից թաքուն, գիշերները վերմակի տակ ընթերցել նրանց ստեղծագործությունները և ընդմիշտ կապվել հայ գրականության հետ, մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն  էլ  նրանցից  է փոխանցվել։

74 ամյա փոքրամարմին կինը հուշարձանների պահապան աշխատելու 15 տարիների ընթացքում երբևէ  չի տրտնջացել  աշխատանքից։ Նկատենք, որ նրա պահպանության տակ գտնվող 111 հուշաձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, ամրոց, դամբարանադաշտ, ջրաղաց, ոչ միայն միմյանցից շատ հեռու են գտնվում, այլև հաճախ վտանգավոր ու դժվարհասանելի վայրերում։ Օրինակ ջրաղացը գտնվում է Չիվա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, ուր կարող են հասնել միայն ամենագնացները,  բազմաթիվ հուշարձաններ կան սահմանամերձ  Խաչիկ և Գնիշիկ համայնքներում։

Բոլոր 111 հուշարձանների տեղն անգիր գիտի, քաջատեղյակ է ոչ միայն դրանց ստեղծման պատմությանը, այլև՝ դրանց հետագա փոփոխություններին։ Կազմել է լուսանկարների մի ալբոմ, որտեղ հավաքված են հուշարձանների լուսանկարներն այնպես, որ դրանք հստակ տեղեկություն են տալիս, թե որ հուշարձանը որ թվականին ինչ տեսք է ունեցել և հետագայում ինչ փոփոխության է ենթարկվել։

 

Ասում է, որ այսօր արդեն դժվարանում է առանձնացնել մի հուշարձան, որն առավել թանկ է իր համար, բայց միանգամից  հիշում է Գնիշիկի կենտրոնում գտնվող կիսավեր եկեղեցին, որ հայկական ճարտարապետության չքնաղ վկայություն է։ Երազում է այն մի օր վերջապես վերականգնված տեսնել։

«Գնիշիկի հուշարձաների նկատմամբ առանձին բերաբերմունք ունեմ, գուցե այն պատճառով, որ դրանք ամուսնուս  հայրական գյուղում են, որի հետ երիտասարդ տարիների  բազմաթիվ  թանկ հուշեր են կապված»,- անկեղծանում է տիկի Ջուլետան։

Զրույցի ավարտին ափսոսանքով նշում է, որ թեև արդեն թոշակի է անցել ու չի աշխատում, բայց չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Մարզային ծառայության պետին խնդրել է իրեն տեղյակ պահել բոլոր միջոցառումների մասին ու ընդգրկել հուշարձանների տարածքներ կատարվող այցերին։

Հիմա արդեն հաճախ է Երևան գալիս ու ամեն անգամ ճանապարհին գտնվող Չիվա գյուղի մոտ կանգնում է, փոքրիկ շրջայց կատարում համայնքի հուշարձանների տարածքում, ծանոթանում նորակառույց մատուռի, դրան մոտ խաչքարերի, տապանաքարի, գերեզմանատան, դամբարանադաշտի ընդհանուր վիճակին։ Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ջուլետա Գաբրիելյանի նվիրումը սկսվում, բայց  չի ավարտվում աշխատանաքային «պարտականություններով»։

Ջուլետա Գաբրիելյանը երեք երեխաների մայր և վեց թոռնիկների տատիկ է։