ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԿՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՃԸ

ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԿՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՃԸ

2018-08-14T14:43:16+00:00 August 10th, 2018|Լոռի, Սյունիք, Լրահոս|

Հուշարձանների պահպանությունը  լիարժեք և արդյունավետ իրականացնելու  նպատակով «Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ը  վերազինում  է  մարզային  ծառայությունները:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  ՊՄՊ  Լոռու և Սյունիքի մարզային ծառայությունների պատասխանատուներին են հանձնվել 2018 թ. արտադրության «Սուզուկի Իգնիս» և «Սուզուկի Սվիվթ» մակնիշի մեկական ավտոմեքենաներ: Վերոնշյալ մարզային ծառայությունները առավել  շատ թվով հուշարձաններ ունեցողներից են:  Վերոնշյալ մարզային ծառայությունների հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներն  էլ  նորոգումից  հետո կբաշխվեն մյուս  ստորաբաժանումներին:

Եվս  երկու  ավտոմեքենա  կտնօրինեն կազմակերպության գլխամասի` ֆինանսատնտեսական և մշակութային միջոցառումների  կազմակերպման ու  մարքեթինգի բաժինները:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մաղթելով  գործընկերներին արդյունավետ աշխատանք, համոզմունք է հայտնել, որ տեխնիկապես  նոր ու կահավորված ավտոմեքենանները  կհեշտացնեն  հուշարձանների տարածքներ  այցելությունները: Նրա խոսքով, քիչ  չէ  միմյանցից  ու  երբեմն  նաև բնակավայրերից  հեռու գտնվող  հուշարձանների  թիվը  և  պահապանները հաճախ ոտքով են գնում այդ  վայրերը:

Նշենք, որ ավտոմեքենաները  ձեռք են բերվել  ՊՈԱԿ-ի  միջոցների հաշվին: Գնման գործընթացի թափանցիկությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով` Ավտոմեքենաների գնում:

ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինմանն ուղղված աշխատանքները սրանով չեն սահմանափակվի: Մարզային ծառայությունների աշխատանքի հին ոճը կփոխարինվի նորով: Հուշարձանների պահպանության բաժնի կողմից կմշակվի ու տնօրինության հաստատմանը կներկայացվի մարզային ծառայությունների աշխատակիցների` հուշարձանների տարածքներ այցելությունների  նոր  ձևաչափը:

Պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա  հուշարձանների վիճակը շրջայցերի  ժամանակ  կֆիքսեն  ոչ միայն ֆոտոխցիկները: Մարզային ծառայությունները կունենան  նաև  անօդաչու  տեսանկարահանող  սարքեր /դռոն/, որով հուշարձանները կֆիքսվեն վերևից:  Այն կնպաստի նաև հնարավոր գանձագողության, գանձախուզության  դեպքերի

կանխմանը:

Հեռակառավարվող տեսախցիկով ճիշտ աշխատելու համար մարզային ծառայության  մեկական աշխատակից  կվերապատրաստվի: