ԿԿԱԶՄՎԻ ԳՈՒՐՈՍԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԱԼԲՈՄ

ԿԿԱԶՄՎԻ ԳՈՒՐՈՍԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԱԼԲՈՄ

2018-10-31T11:41:16+00:00 September 18th, 2018|Սյունիք, Լրահոս|

Ինքնուս լուսանկարիչ, գեղանկարիչ,  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) Սյունիքի մասին պատմող ֆոտոխրոնիկան գիտահետազոտական, փաստավավերագրական  նշանակություն  ունի։  Դրանց մի զգալի հատված՝ բնօրինակ սևանկարներ պահպանվում  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն»  ՊՈԱԿ-ում։

Գուրոսի Սյունիքին նվիրված լուսանկարների ալբոմ ստեղծելու միտքը հղացել է դեռ երկու տարի առաջ, երբ ՊՈԱԿ-ի կինոօպերատոր, լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը սկսել է ապակե  սևանկարները  բաձրորակ թվայնացնել, ապա մանրակիտ մշակեց ավելի քան 1000 լուսանկար։

ՊՈԱԿ-ի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը Գուրոսի լուսանկարների ալբոմի տեքստերը պատրաստելուց առաջ որոշել է նախ մեկնել Գուրոսի հայրենի Գորիս և տեղում հասկանալ, թե ինչ նպատակով է նա ստեղծել  ֆոտոշարքը (բնապատկերներ, դիմանկարներ)։

«Գորիսում Գուրոսին բոլորն են ճանաչում, երբ ցույց էինք տալիս նրա լուսանկարները ու զրույցի էինք բռնվում, նրանք ոչ թե պատկերված փողոցի կամ շենքի մասին էին խոսում, այլ այն իրադարձությունների, որ կապված են դրանց հետ՝ ամեն մի դրվագի հետ ներկայացնելով մի հետաքրքիր պատմություն։ Փաստորեն Գուրոսը Գորիսում և Սյունիքի մարզի տարբեր գյուղերում փորձել է ոչ միայն ուղղակի լուսանկարել, այլև այդպես փաստագրել, արձանագրել այն իրադարձությունները, որոնք կարևոր է համարել»,- բնակիչների հետ զրույցից ստացած տպավորություններն է փոխանցում Խ․ Գրիգորյանը։

Գուրոսի ալբոմի նախապատրաստական աշխատանքներով զբաղված ստեղծագործական խումբը փորձել է փնտրել ու գտնել այն բնակավայրերը,  փողոցներն ու շենքերը, որոնք 1920-1932 թթ․ լուսանկարել է Գուրոսը։ Լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը փորձել է ստեղծել Գուրոսի այս կամ այն լուսանկարի այսօրվա պատկերը՝ ճիշտ նույն տեսանկյունից։ Նպատակը` այսօրվա Գորիսի մասին տեղեկություն փոխանցելն է, թե որքան է փոխվել այն գրեթե 100 տարի անց։

Լուսանկարիչ  Աշոտ Մովսեսյանը նկատում է` Գորիսի քաղաքային պատկերը  գրեթե չի փոխվել։ Այդ մասին վկայում են նաև հին ու նոր լուսանկարները։

Ազգագրագետ  Խորեն Գրիգորյանն ասում է, որ Գուրոսի լուսանկարները կարծես Ակսել Բակունցի Կյորիսի պատկերազարդումը լինեն։ Ալբոլի հիմքում` հենց այդ միտքն է: