ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ԱՌԻԹՈՎ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ԱՌԻԹՈՎ

2011 թ. Հայաստանում HSBC բանկի գործունեության 15-ամյակի հանդիսության ժամանակ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված մետաղական կոնստրուկցիաների եւ հուշարձանի շարվածքում իբրեւ թե մեխված մետաղական խողովակների մասին համացանցում հրապարակված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում մասնավորապես ընդգրկվել են տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալը, ճարտարապետ, «Զվարթնոց» մասնաճյուղի վարիչը, այլք։ Աշխատանքային խումբը հոկտեմբերի 15-ին եղել է հնավայրի տարածքում, ուսումնասիրել խնդրո առարկա հատվածները։ Արձանագրվել է, որ տաճարի աստիճանաձեւ հիմքի երկրորդ շարի՝ թերի վիճակում պահպանված հին քարերից մեկի կենտրոնում առկա է երկաթե խողովակի մնացորդ, որը ձեռք տալուն պես անմիջապես անջատվել է քարից։ Վերջինս ամրացվել է քարի կենտրոնում / վերականգնող ճարտարապետներ՝ Լ.Սադոյան եւ Թ.Գեւորգյան/ 1990-ական թթ. հուշարձանի տարածքում կատարված վերականգնման աշխատանքների ժամանակ՝ անջատված բեկորները հիմնաքարին ամրացնելու նկատառումով։ «Զվարթնոցի»՝ հարավային մուտքի երկու կողմերում պատերի պահպանված հատվածների նույն 1990-ական թթ. իրականացված վերականգնման ու ամրակայման աշխատանքների ժամանակ շարի շաղախի մեջ ուղղահայաց դիրքով տեղադրվել են մետաղական խողովակներ եւ մետաղական ամրաններ, որպեսզի հուշարձանի վերականգնման աշխատանքները շարունակելիս դրանց միջոցով հնարավոր լինի ամրացնել նոր շարվելիք հատվածների մետաղական հիմքը։

Աշխատանքային խմբի եզրակացությամբ՝ վերը շարադրվածը որեւէ կապ չունի նախորդ տարի HSBC բանկի գործունեության 15-ամյակի հանդիսության ժամանակ «Զվարթնոց» տաճարի տարածքում հավաքված մետաղական կոնստրուկցիաների հետ։

Հավելենք նաեւ, որ անցյալ տարվա հիշյալ միջոցառման ժամանակ տեղադրվել են շարժական մետաղական կարկասներ, որոնք տաճարի տարածքից հանվել են միջոցառման հենց հաջորդ օրը։ Վստահեցնում ենք, որ հուշարձանին վնաս չի հասցվել, ու ճարտարապետական բեկորները չեն խաթարվել։ Նշենք նաեւ, որ միջոցառման կազմակերպիչը եղել է «Շարմ Հոլդինգ»-ը։