ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հայ տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու նշանավորման շրջանակում, հոկտեմբերի 20-25-ը Երևանում անցկացվեց Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Կրթության և մշակութային գործունեության միջազգային խորհրդի (ՍԵԿԱ) տարեկան գիտաժողովը, որին մասնակցեցին նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։

2010 թ. ՊՈԱԿ-ն իրականացնում է «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» հատուկ կարիքներով այցելուների համար կրթական նախագիծը՝ ընդգրկելով արգելոց-թանգարանները։ Նախագծի իրականացման արդյունքում որոշակի աշխատանքներ են կատարվել արգելոց-թանգարանների տարածքները հատուկ կարիքներով անձանց համար հարմարեցնելու, ինչպես նաև` այս խմբերի թանգարանային պահանջմունքների ուսումնասիրման ուղղությամբ:

Հոկտեմբերի 24-ին գիտաժողովի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան կազմակերպված հետազոտական այցն առիթ էր ներկայացնելու նախագիծը նաև արտերկրյա թանգարանային մասնագետներին Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Խորվաթիայից, Դանիայից, Մոլդովայից, Գերմանիայից, Տանզանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Վրաստանից։ Թանգարանի ժամանակավոր միջոցառումների սրահում սլայդ-շնորհանդեսային ցուցադրմամբ և զեկուցմամբ գիտաժողովի մասնակիցներին ներկայացվեց «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» սահմանափակ կարողություններով այցելուների համար կրթական նախագծի իրականացման ընթացքը:

«Հոգևոր երաժշտության ծրագիրն արգելոց-թանգարանների տարածքում» ծրագրի շրջանակում, «Զվարթնոց»-ի տաճարի կամարների ներքո, կայացավ միջազգային տարբեր փառատոններում մրցանակների արժանացած, հաշմանդամ երաժիշտների «Փարոս» կամերային երգչախմբի ելույթը: Աշխարհում եզակի համարվող երգչախումբն առաջին անգամ էր հանդես գալիս արգելոց-թանգարանում և կատարեց Կոմիտասի մշակումներից, նաև` արտերկրյա հեղինակների երաժշտական ստեղծագործություններ:

Հոկտեմբերի 24-ին միջազգային գիտաժողովի փակման երեկոյին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ԻԿՕՄ-ՍԵԿԱ-ի նախագահ Էմմա Նարդին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին շնորհակալագիր հանձնեց, երախտագիտություն՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար: