ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

2018-11-23T15:55:20+00:00 November 23rd, 2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռ նախորդ  տարի համագործակցության եզրեր էր ուրվագծել Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ: Միջին Արևելքում կես դարից ավելի գիտակրթական ու դաստիարակչական գործունեություն ծավալած հայկական կրթօջախը առաջիկայում տարբեր ծրագրեր կիրականացնի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ:

Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանը  և  Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանը գիտագործնական ու գիտահետազոտական համագործակցության պայմանագիր են ստորագրել: Փաստաթղթով նախատեսվում է գիտաշխատողների, ուսանողների մասնագիտական փորձի փոխանակում և մասնակցություն` համատեղ իրականացվող գիտահետազոտական ծրագրերին: Նախանշվում է նաև Լիբանանում գտնվող հայկական հուշարձանների փաստագրում, ուսումնասիրում և հանրահռչակում, համատեղ գիտաժողովների, համատեղ ցուցադրությունների, ցուցահանդեսների, դասախոսությունների կազմակերպում: Համատեղ ուսումնասիրությունները և գիտագործնական աշխատանքները (հնագիտություն, ազգագրություն, մարդաբանություն) կհրատարակվեն Հայակազյան հայագիտական հանդեսում, նաև`«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած հանդեսներում:

Ի դեպ, 2019 թ. «Հայկազյան հայագիտական հանդես»-ում ներառելու համար լիբաբանահայ գործընկերներին են ուղարկվել ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի, տնօրենի տեղակալ Լիանա Գևորգյանի, գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի և գիտաշխատողների գիտական հոդվածները:

Որպես գործակցության սկիզբ «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանն առաջարկել է Արա Թարվերդյանին գալիք տարի «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ենթակայությամբ  գործող հուշարձանների պահպանությանն  առնչվող դասախոսություն կարդալ  Բեյրութում: Առաջարկն ընդունվել է սիրով, կազմակերպության ղեկավարն իր հերթին նշել է, որ կներկայացվի նաև հայկական հուշարձանների մասին պատմող սլայդ-շոու, փաստավավերագրական ֆիլմ կցուցադրվի, նաև` ցուցադրություն կկազմակերպվի:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը տեղեկացրել է, որ օրերս Գերմանիայում մասնակցել է Եվրոպական մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովի, որտեղ քննարկվել են Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորներին ընդգրկելու հարցը: Նախնական պայմանավորվածության համաձայն  2019 թ.  օգոստոսի 1-ին երկու շաբաթով  Հայաստան կգա 12 կամավոր, ևս 4-ը` նրանց կմիանա այստեղ: Կամավորական ճամբարը  կգործի Վայոց ձորի մարզում, կամավորները աշխատանքներ կիրականացնեն Զորաց եկեղեցու տարածքում:

Արա  Թարվերդյանն առաջարկել  է սփյուռքի գործընկերներին միանալ կամավորական աշխատաքներին: Նրանք հնարավորություն կունենան ճանաչել  հայկական պատմամշակութային ժառանգությանը,  էքսկուրսիաների մասնակցել և այլն: Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենը նշել է,  որ լիբանանահայ երկու կամավոր կմասնակցի ծրագրին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը Ա. Դաքեսյանին է նվիրել կազմակերպության հրատարակած  «Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմը, որում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը: