ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2018-12-07T13:26:32+00:00 November 27th, 2018|Արցախ, Լրահոս|

Անցնող տարում  Արցախի  Հանրապետության  մի շարք  հուշարձանների տարածքներում հնագիտական արշավախմբերը  աշխատանքներ  են  իրականացրել  ու  հետաքրքիր  բացահայտումներ արել: Արցախի  մեր  գործընկերները  խոստանում են  գործակցությունը ամրապնդել  ոչ  միայն  հնագիտության,  այլև` հուշարձանների պահպանության  ոլորտում:  Հայկական  երկրորդ  հանրապետության  ու համայն հայության պատմամշակութային ժառանգության պահպանությունը միասնական  ջանքերով առավել արդյունավետ  կիրականացվի:  Փորձի փոխանակում,  համատեղ  միջոցառումների` ցուցադրությունների, գիտաժողովների  իրականացում, կադրերի վերապատրաստում: Սրանք  նախանշվող  աշխատանքների  ամենակարևոր  ուղղություններն են:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Թարվերդյանը  Արցախի Հանրապետության  «Պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  ղեկավար Արմինե  Հայրապետյանի  հետ հանդիպման  ընթացքում  ներկայացրել  է  կազմակերպության կառուցվածքը,  գործառույթներն  ու  իրավասությունները,  խոսել` անցնող տարում իրականացրած  կարևոր  ծրագրերի մասին:

Արցախի  Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարարության  «Պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  ղեկավարն  էլ  տեղեկացրել է, որ գործառույթները հիմնականում նույնն են: ՊՈԱԿ-ի ենթակայության տակ 5 արգելոց  ու  6  շրջանային  ծառայություններ  են: Արմինե Հայրապետյանի խոսքով  կազմակերպության ֆոներում շուրջ  7000  առարկա է  պահվում:  Խոսելով  հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների այցելությունների մասին, տիկին  Հայրապետյանը  նշել  է, որ նրանք հետաքրքրություն  են  ցուցաբերում  Տիգրանակերտի թանգարանի նկատմամբ:

Արա  Թարվերդյանը  կարևորել  է  հուշարձանների  պահպանության գործում միասնական  ջանքերի  ներդրումը, ճանաչողական այցերի անհրաժեշտությունը:

 

Զբոսաշրջության  զարգացմանը  խթանելու  և  տուրիստական ընկերությունների  հետաքրքրությունն առավել ակտիվացնելու  հարցում էլ  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը  պատրաստ  է  կիսվել  սեփական  փորձով  ու  համատեղ  աշխատել:

«Շատ  կարևոր  է  բովանդակալից  ու  հետաքրքիր  տեղեկատվության փոխանցումը  տուրիստներին,  նաև` բուկլետների  հրատարակումը», -իր խոսքում  ասել  է  Ա. Թարվերդյանը,  կարևորելով  նաև  արցախցի  գործընկերների  մասնակցությունը  միջազգային  ծրագրերին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ հուշարձանը` հատկապես արգելոց-թանգարանները պետք է հնարավորինս հասանելի դարձնել հասարակությանը` չսահամանափակվելով միայն այցելութուններով,  այլ  հնարավորություն տալով քաղաքացիներին ու կազմակերպություններին`պահպանելով հուշարձանի  անխաթարությունը  բարեխղճորեն  օգտագործել հուշարձանի տարածքը:

Հանդիպման  ընթացքում  նախնական  պայմանավորվածություն  է  ձեռք բերվել  2019 թ. գարնանը Արցախի Հանրապետությունում  գիտաժողով  անցկացնել,  կլինեն  նաև` փորձի փոխանակմանը միտված հանդիպումներ: ՊՈԱԿ-ի ղեկավարությունը  նախատեսում  է  այցելել  Արցախի  հուշարձանների տարածքներ, արգելոց-թանգարաններ` տեղում  քննարկել  աշխատանքի ընթացքում  ծագող  հարցեր:

Հանդիպման  ավարտին  Արա  Թարվերդյանը  արցախցի  գործընկերոջը նվիրել  է  «Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի հրատարակություններից  մի  քանիսը. «Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան  քառալեզու ալբոմը, «Գորգերի և Կարպետների հավաքածու»-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների, ինչպես նաև` «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում գտնվող  պատմամշակութային հուշարձանների» կատալոգները:

Հրատարակություններն առայժմ գրախանութներում չկան, սակայն, գալիք  տարի  ՊՈԱԿ-ի ղեկավարությունը  նախատեսում  է  դրանք  ներկայացնել  Հայաստանի և  Արցախի  ընթերցողին: