ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

2018-12-06T13:19:24+00:00 December 6th, 2018|Լրահոս|

Ընթերցողի դատին է հանձնվել  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գիտական  խորհուրդների  կողմից  հրատարակության  երաշխավորված` «Թանգարանի գիտաֆոնդային աշխատանքների հիմունքներ»  ուսումնամեթոդական  ձեռնարկը: Այն նախատեսված  է  թանգարանային ոլորտի աշխատողների  և  բուհերի  թանգարանագիտություն  ուսումնասիրող ուսանողների  համար:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների  թեկնածու  Լիաննա  Գևորգյանի` թանգարանագիտության հիմնահարցերին  նվիրված  երրորդ ուսումնասիրությունը նվիրված է թանգարանային ամենակարևոր գործառույթներից մեկին` պատմամշակութային արժեքների պահպանության, ուսումնասիրության և հանրահռչակման հիմնախնդիրներին:

Հեղինակի աշխատանքում փաստացի նյութի և սկզբնաղբյուրների հիման վրա ներկայացված են թանգարանների ֆոնդերի համալրման, ուսումնասիրման, հաշվաման, պահպանման և վերականգնման մասին ավանդական և արդի մոտեցումներն ու պահանջները, նաև` մարտահրավերները,  որոնք  թանգարանների  ֆոնդային տնտեսությունների  առջև  այսօր  ծառացած  խնդիրները:

Ձեռնարկում  հանրամատչելի  ներկայացվել  են  գիտաֆոնդային  աշխատանքների կազմակերպման  խնդիրները,  հիմնական  ֆոնդի  կազմավորման  աղբյուրները,  գիտաֆոնդային աշխատանքներում  նոր տեխնոլոգիաների  օգտագործման խնդիրները, գիտական կատալոգի ստեղծման սկզբունքները: Հատուկ անդրադարձ  կա  ֆոնդային ամենակարևոր գործառույթին` թանգարանային առարկաների պահպանմանն ու պաշտպանությանը, թանգարանի ու թանգարանային ֆոնդերի անվտանգության համակարգին, թանգարանային առարկաների վերականգնման աշխատանքներին:

400  օրինակ  տպաքանակով  հրատարակված  ձեռնարկը  հրաշալի աղբյուր է թանգարանագիտության  ոլորտի  հետաքրքիր  ու  չբացահայտված  գաղտնիքներին  ծանոթանալու  համար:  Այն  մասնագիտական լավագույն ուղեցույց կարող է լինել  նաև ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների համար: