ԳՈՒՐՈՍԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԳՈՒՐՈՍԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Գուրոսի կտավները  հաղորդում են այն ռոմանտիկ հույզերը,  որն ապրել  է  նկարիչը բնության տեսարանների առջև: Գուրոսի նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են», -այսպես են արվեստաբանները բնորոշել Գուրոսի գեղանկարները։ Նկարիչների միությունում տարիներ  առաջ  բացված  նրա  ցուցահանդեսները  աննկատ  չմնացին,  գուցե պատճառների մեկն էլ այն էր, որ նկարչի արվեստում մի առանձին  ու  կարևոր  տեղ ունեն հայկական հուշակոթողները։

Այսօր ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ  Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) վրձնած   հուշակոթողները ցուցադրվում են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում, որտեղ մի առանձին սրահում ներկայացված են նաև նրա լուսանկարները։  Նրա  ոչ  միայն  անունը, որ  Գորիսի մի  քիչ հնչյունափոխված  ձևն է՝ Գուրոս, այլև լուսանկարներն են կապված հայրենի Գորիսի հետ։ Դրանց  թվում են Գորիս քաղաքի, հուշարձանների, գորիսեցիների առօրյան  ներկայացնող լուսանկարներ։ Գուրոսի լուսանկարներում  մեծ տեղ են գրավում կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը, որոնք 1960-ական  թվականներից  գրեթե ամբողջովին  դատարկվել  են։

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ և ինքնուս լուսանկարիչ Գուրոսի ստեղծագործական մտքի թռիչքին և ֆոտոխցիկի ինքնատիպ տեսանկյունից արձանագրած գորիսյան պատկերներին:

Պատմամշակութային հուշարձաններին նվիրված Գուրոսի գեղանկարներից  քսանհինգը,  նաև՝  բնօրինակ, ապակե սևանկարների մի զգալի մասը  (1988 թ.)  պահվում  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ում։