ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 60-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ՄԱՔՐՎԵԼ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 60-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ՄԱՔՐՎԵԼ

2019-05-13T16:58:23+00:00 April 19th, 2019|Վայոց Ձոր, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով  «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների ջանքերով միջոցառումներ են անցկացվել հանրապետության մարզերում:

Մասնավորապես Վայոց ձորի մարզում մաքրվել ու բարեկարգվել է 60-ից ավելի հուշարձանի տարածք: Մարզային ծառայության պատասխանատուներն աշխատանքներում ընդգրկել են դպրոցականների, կամավորների, ժամկետային զինծառայողների:

Հայրենիքի պաշտպանների օգնությամբ մաքրվել են Եղեգնաձորի ԵԱԶ, Գլաձորի, Վերնաշենի՝ արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքները:

Դպրոցականների մասնակցությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել Հեր-հեր, Գնդեվազ, Մարտիրոս, Արենի, Զառիթափ, համայնքներում գտնվող հուշարձանների տարածքներում:

Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ը  օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա է առաջադրում: Այս տարվա խորագիրը՝  «Գյուղական լանդշաֆտներ» է: Խորագրին համահունչ մարզային ծառայության պատասխանատուները զրույց-դասախոսության միջոցով միջոցառման մասնակիցներին ծանոթացրել են մարզի հուշարձաններին ու գյուղական լանդշաֆտներին:

Արտաբույնք համայնքի մշակույթի տան դահլիճում բացվել է «Հուշարձանը մանուկների աչքերով» ցուցադրությունը:

«Գյուղական լանդշաֆտները և մշակույթը» զեկուցումով հանդես է եկել «Գլաձորի համալսարան»  պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը:

Ծաղիկներ են խորնարհվել Արտաբույնքի՝ ԵԱԶ և Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Ապրիլի 18-ին նվիրված միջոցառումների արդյունքներն ամփոփվել են մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի կողմից: Առավել ակտիվ դպրոցականներին՝ պատվոգրեր, իսկ համայնքների ու հանրակրթական դպրոցների ղեկավարներին՝  ՊՈԱԿ-ի տնօրինության անունից շնորհակալագրեր են հանձնվել: Երաժշտական կատարումներով հանդես են եկել  Թովմաս Պողոսյանի «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի Վայոց Ձորի մասնաճյուղի կատարողները:

Միջոցառումներին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները: