ԲՅՈՒՐԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲՅՈՒՐԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2019-05-10T13:23:01+00:00 May 3rd, 2019|Լրահոս|

Հնագիտությունը որպես գիտություն հետաքրքրել է մայրաքաղաքի Բյուրակն կրթահամալիրի դպրոցական ու մանկավարժական կազմին: Ինչ է առհասարակ հնագիտությունը, ինչ հետաքրքիր բացահայտումներ են անում հնագետները: Այս թեմաների ու հնագիտության ոլորտի գիտական ուղղվածության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով դպրոցի տնօրինությունը դասախոսության էր հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանին:

Կրթօջախի 7-րդ և 8-րդ դասարանցիների համար կազմակերպված դասը սկսվել է մարդաբանության մասին հետաքրքիր զեկուցումից. Ինչ  է մարդը, որտեղ ու ինչպես են հայտնաբերվում մարդկային մնացորդները, ինչպես են իրականացվում պեղումները, որտեղ են պահվում հնագիտական նյութերը: Այս հարցերի պատասխանները դպրոցականները լսել են հնամարդաբանից:

Հ. Սիմոնյանը պատմել  է  ՊՈԱԿ-ի հարուստ ֆոնդերի մասին, նշելով, որ դրանք պահվում են հատուկ՝ ջերմախոնավային և օդափոխման համակարգի առկայության պայմաններում՝ ստվարաթղթե տուփերի մեջ:

Դպրոցականներին ներկայացվել է ոսկորների՝ սեռատարիքային հատկանիշների որոշմամբ  ձևաչափերը, մեթոդները: Ներկայացվել են հետազոտությունների ընթացքում ոսկորների վրա հայտնաբերվող հիվանդությունները: Դասը ուղեկցվել է լուսապատկերային ցուցադրությամբ:

ՊՈԱԿ-ի հնամարդաբանը նաև իր մասնագիտական փորձն է ներկայացրել՝ Մեծամոր հնավայրի պեղումներից հայտնաբերված  մարդաբանական նյութի օրինակի վրա: Ցուցադրվել է նաև դիտակտիկ նյութ՝ ինչպես կարելի է հավաքել մարդկային կմախքը, տաբերակել աջ և ձախ կողմերի ոսկրերը:

Կրթօջախի սաները բավականին ակտիվ էին, հարցադրումներն էլ  բազմաբնույթ էին՝ սկսած կմախքի տարիքը որոշելուց, մինչև սոցիալական կարգավիճակը:

Դպրոցականները հետաքրքրությամբ են լսել  նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տևական ժամանակ իրականացվող «Հետաքրքիր հնագիտություն» ծրագրի մասին:

ՊՈԱԿ-ի աշխատակիցը պատմել է, թե ինչպես են դպրոցականները  արհեստական պեղավայրում պեղումներ իրականացնում,  ծանոթանում հնագիտության «գաղտնիքներին» ու հարստացնում  իրենց գիտելիքները: