ԵՎՐՈՊԱՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ՝ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԵՎՐՈՊԱՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ՝ ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2019-06-28T16:20:30+00:00 June 28th, 2019|Վայոց Ձոր, Լրահոս|

Ս. թ. սեպտեմբերի 1-14-ը  Վայոց  ձորի մարզի Եղեգիս  համայնքում գտնվող  Զորաց  եկեղեցու տարածքում կամավորական ճամբար կհիմնվի: Եվրոպական տարբեր երկրներից Հայաստան կժամանեն երիտասարդ ճարտարապետներ, հուշարձանագետներ, վերականգնողներ: Թվով 14 կամավորները երկու շաբաթվա ընթացքում կծանոնթանան հայկական մշակութային ժառանգությանը, կլինեն հուշարձանների տարածքներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ուղեկցությամբ, եղել են հուշարձանի տարածքում՝ ծանոթացել պայմաններին, որտեղ  նախատեսվում է կազմակերպել ճամբարը:

Միջազգային կամավորական ճամբար հիմնելու  պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  2018 թ. նոյեմբերին՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ Գերմանիա այցի ընթացքում: Հայկական պատվիրակությունը Լայպցիգում Դենկմալ Էքսպոյին ներկայացել էր «Զորաց Եկեղեցի  արգելավայրը և շրջակա հուշարձանները»  թեմայով  զեկուցումով:  Մասնակիցները հետաքրքրություն էին ցուցաբերել առաջարկի նկատմամբ: Պայմանավորվել էին՝ կամավորները  կմասնակցեն  Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման և այլ աշխատանքներին:  Կամավորական ճամբարի մասնակիցները 14 օրերի ընթացքում ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը: Նրանք կլինեն նաև՝ Նորավանքում, Արատեսում:

Սեպտեմբերի 4-6-ը Վայոց ձորի մարզում միջազգային գիտաժողով ու Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված միջոցառումներ են նախատեսվում: Եվրոպացի կամավորները կմասնակցեն նաև այդ միջոցառումներին՝ զեկուցումներ կլսեն միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ուսումնական կենտրոնի մասին, կլինեն Թանահատի վանական համալիրի տարածքում, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում: