Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում մեկնարկած՝ «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցել են ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած 40-ից ավելի մտավորականներ։ Այն անցկացվում է Երևանի «Ռուսական արվեստի թանգարանում, «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ բացված «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում։
Ի թիվս այլոց, զեկուցումով հանդես հանդես է եկել նաև ՊՈԱԿ-ի գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը։ Նա խոսել է հնագիտական հուշարձանների պահպանության խնդիրների և հեռանկարների մասին, նշել, որ Հայաստանում հաշվառված շուրջ 25․ 000 հուշարձան կա։
Նրա խոսքով հնագիտական հուշարձանների պահպանության հիմնախնդիրը կարելի է բաժանել մի քանի մասերի։ Որպես օրինակ ներկայացնելով Մեծամոր հնավայրը և համանուն արգելոց-թանգարանը, Ա․ Զաքյանը նշել է, որ պեղումները սկսվել են 1965թ․ և շարունակվում են մինչ օրս։
«Գոյություն ունի նաև մեկ այլ կարևոր խնդիր ևս։ Հայաստանում, միավոր տարածքի վրա խիստ մեծաքանակ է հուշարձանների կենտրոնացումը։ Առանձին հնագիտական հուշարձաններ զբաղեցնում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հա տարածք։ Մեծ թիվ են կազմում ՀՀ մարզերի հողատարածքներում հուշարձան ներառող պատմամշակութային հողերը։ Առաջանում է հակասություն հողօգտագործման և հուշարձանների պահպանության միջև։ Այստեղ անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնք կներառեն միջազգային փորձը հուշարձանները զբոսաշրջային երթուղիներում ներգրավելու ուղղությամբ»։
Արտավազդ Զաքյանը իր զեկուցման մեջ նշել է նաև, որ Հայաստանում հնագիտական պեղումները սկսվել են դեռևս XIX դարի վերջից և լայն թափ ստացել խորհրդային տարիներին։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ աշխատանքներին ներգրավել են եվրոպական, ամերիկյան, ճապոնական, ռուսական համալսարաններ և գիտական կենտրոններ՝ հնարավորություն տալով, հնագիտական պեղումները իրականացնել նոր և ժամանակակից մեթոդներով, բացված հնագիտական շերտերը, օբյեկտները փաստագրել տեխնիկական նորագույն միջոցներով, հայտնաբերված արտեփաստերի, հատկապես օրգանական մնացորդների հետազոտությունները կատարել արտերկրի լաբորատորիաներում և այլն։
Նա անդրադարձել է «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց Քարեր» բնակատեղի», «Ագարակ», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց» և այլ պատմամշակութային, պատմահնագիտական արգելոցներին։