ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ՝ ՏԵՍԱՆԵԼԻ» ԾՐԱԳԻՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ՝ ՏԵՍԱՆԵԼԻ» ԾՐԱԳԻՐԸ

2019-12-17T16:54:56+00:00 17/12/2019|Լրահոս|

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս ամփոփվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Մարքեթինգի և զարգացման ծրագրերի» և «Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների» բաժինների կազմակերպած՝ «Անտեսանելին՝ տեսանելի» կրթամշակութային ծրագիրը։

Շուրջ երեք ամիս տևած ծրագիրն իրականացվել է  «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14-րդ հատուկ դպրոցի» և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների մասնակցությամբ: Ծրագրի շրջանակում երեխաները այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական, «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ:

Դպրոցականների համար քանդակագործության ու կավագործության դասեր են անցկացվել։ Ծրագրի ավարտին նրանց աշխատանքները ցուցադրվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Այդ աշխատանքները կցուցադրվեն նաև իրենց կրթօջախում։

Թիվ 14-րդ հատուկ դպրոցի սաները ներկաների հետ կիսվել են իրենց ստացած գիտելիքներով՝ պատմել Զվարթնոց տաճարի մասին, Գեղամ Սարյանի «Փառքի տաճարը Թորամանյանի հիշատակին»  գեղարվեստական գրականությունից մի հատված ընթերցել։ Նրանցից՝ 7-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորիա Սարգսյանն էլ  հոգևոր կատարումով է հանդես եկել։

Դպրոցականները ցանկություն են հայտնել հետագայում ևս մասնակցել նման ծրագրերի: