ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՊՈԱԿ-Ի ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՊՈԱԿ-Ի ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2013-07-11T17:09:34+00:00 11/07/2013|Լրահոս|

Հուլիսի 4-10-ը ամփոփվեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների եւ արգելոց-թանգարանների` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Հաշվետվություններն ընդունող հանձնաժողովի նիստերը հուլիսի 4-ին եւ 6-ին անց են կացվել Լոռու եւ Վայոց ձորի մարզերում, իսկ հունիսի 9-ից` Երեւանում: Զեկուցումներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի ստորաբաժանում ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները: Նրանք ներկայացրել են անցնող ամիսներին ՊՈԱԿ-ի տնօրինության հանձնարարականների կատարման ընթացքը, հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ խնդիրները, որոնք բոլոր մարզերում գրեթե նույնն էին: Մասնավորապես նշվեց, որ խնդիրներ կան կապված հուշարձանների կադաստրային քարտեզների հետ: Մարզերում գտնվող հուշարձաններից շատերը չունեն պահպանական գոտիներ, ինչը երբեմն նպաստում է իրավախախտումներին: Անդրադարձ է եղել նաեւ հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման, նորոգման ու վերականգնման դեպքում հուշարձանի սեփականատիրոջ եւ ՊՈԱԿ-ի միջեւ համապատասխան պայմանագիր կնքելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ հուշարձանի տարածքի լուսանկարների առկայությանը /մինչ շինարարական աշխատանքներն ու դրանից հետո/:

Արդյունավետ աշխատանքի գրավականը ՏԻ մարմինների հետ սերտ գործակցությունն է: ՊՄՊ մարզային ծառայությունների ղեկավարները նշել են, որ երբեմն որոշ գյուղապետեր անտեղյակ են կառավարության` մշակութային ժառանգությանն առնչվող որոշումներին, լիարժեք չեն տիրապետում օրենսդրությանը: ՊՄՊ մարզային ծառայությունների ղեկավարները շեշտել են, որ արդյունավետ է աշխատանքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների հետ: Գործակցության արդյունքում ճշտվել է այն հուշարձանների ցուցակը, որոնք գտնվում են սողանքային ու սեյսմիկ գոտիներում:

Հանձնաժողովի նիստում ներկայացվել են տեղեկույթներ մարզային ծառայությունների կողմից կազմված նորահայտ հուշարձանների, «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացված, նաեւ այլ` միջոցառումների մասին:

Մարզային ծառայությունների պատասխանատուների զեկույցներում անդրադարձ է եղել նաեւ տեսարժան վայրեր զբոսաշրջիկների հոսքին: Մտահոգության առիթը երբեմն էքսկուրսավարների կողմից հուշարձանների մասին ոչ գրագետ տեղեկատվություն ներկայացնելն է: Շեշտվել է զբոսաշրջային գործակալությունների ու մարզային ծառայությունների գործակցության անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամների կողմից հստակ հանձնարարականներ են տրվել ս. թ. երկրորդ կիսամյակում նախանշված աշխատանքների կատարման վերաբերյալ: Հանձնարարականներ են տրվել նաեւ այս տարվա սեպտեմբերին, ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ նախանշված միջոցառումների կազմակերպմանը մարզային ծառայությունների մասնակցության մասին: Առանձին ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարվել է շտկել հաշվետվության մեջ տեղ գտած թերություններն ու սեղմ ժամկետում լրամշակված փաստաթուղթն ուղարկել ՊՈԱԿ-ի տնօրինությանը:

Հանձնաժողովը հուլիսի 11-ին լսել է նաեւ ՊՈԱԿ-ի բաժինների վարիչների ներկայացրած հաշվետվությունները: