«ՄԵՆՔ ԿԴԱՌՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»

«ՄԵՆՔ ԿԴԱՌՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»

2013-07-19T17:05:34+00:00 19/07/2013|Լրահոս|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ստեղծված ճամբար-կայանատեղին /հուլիսի 9-ից մինչեւ 22-ը/ ավարտում է իր առաքելությունը: Այսօր ճամբարականների աշխատանքային վերջին օրն էր: Հուլիսի 20-ին կամավորները կլինեն Գառնիում, կայցելեն Գեղարդ: Նրանց մի մասն առաջիկա օրերին կմեկնի` հույսով ու սպասումով, որ առաջիկայում նմանօրինակ ծրագրի դեպքում կրկին հյուրընկալվելու են Հայաստանում: Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից ժամանած 11 կամավորները մեր երկրից կհեռանան վառ տպավորություններով` խոստանալով հայկական մշակույթի մասին պատմել հայրենակիցներին: «Մենք կդառնանք Հայաստանի դեսպանները մեր երկրներում» ,- հրաժեշտի միջոցառման ժամանակ ասաց կամավորներից 63-ամյա Շանթալ Շոմենը: Ֆրանսիան ներկայացնող ճամբարականը հուզմունքով պատմեց իր տպավորությունները հայկական մշակույթի ու մարդկանց վերաբերմունքի մասին, որին արժանացել էին: Կամավորներից 5-ը, որոշել է մեկնել նաեւ Արցախ` ծանոթանալու տեղի պատմամշակութային հարուստ ժառանգությանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման եւ տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց «Զվարթնոցում» հյուրընկալվելու համար` վստահեցնելով, որ մշակութային ոլորտում կամավորների ներդրած ջանքերը մեր հասարակության ուշադրության կենտրոնում են: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի /ՀՈՒՋ/ պատասխանատու Ստեփան Ստեփանյանն էլ, կարեւորելով ճամբարի ստեղծումը մեր երկրում, երիտասարդներին հորդորեց այսուհետ եւս մասնակցել նման ծրագրերի ու ավելի հաճախ այցելել Հայաստան: Նա կամավորներին հրավիրեց մասնակցել հոկտեմբերին ծրագրված սեմինարին /թեման` մարդու իրավունքների պաշտպանություն/:

Միջոցառման ավարտին բոլոր ճամբարականներին մասնակցության հավաստագիր շնորհվեց:

Ի դեպ, «Պահպանության ծառայության» եւ ՀՈՒՋ-ի միջեւ գործակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011թ. Նախորդ տարի «Զվարթնոցը» հյուրընկալել էր կամավորների առաջին խմբին: