«ԴԻԼԻՋԱՆԸ` ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ

«ԴԻԼԻՋԱՆԸ` ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ

2018-03-29T16:00:19+00:00 11/09/2013|Տավուշ, Լրահոս|

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Բերդի պատմության ու կենցաղի արգելոց-թանգարանում բացված «Դիլիջանը` նկարիչների աչքերով» ցուցահանդեսը վերածվեց շրջիկ ցուցահանդեսի եւ արդեն երկրորդ շաբաթն է հյուրընկալում է մարզի տարբեր համայնքների հանրակրթական դպրոցներին: Մշակութային ժառանգության հանրահռչակումը նույնքան կարեւոր է, որքան եւ` պահպանությունը: Առավել կարեւոր է, որ հոգեւոր արժեքների հետ կապը սերտորեն պահպանվի սահմանամերձ գյուղի բնակիչների շրջանում: Չինարիում 1200-ից ավելի մարդ է ապրում, գյուղի հանրակրթական դպրոց է հաճախում 121 աշակերտ: Այսօր բացված ցուցահանդեսը մեծ հետաքրքրությամբ դիտել են դպրոցականները, համայնքի բնակիչները: Կրթօջախի տնօրեն Գրետա Դալլաքյանի խոսքով, մանկապարտեզի սաները եւս հյուրընկալվել են իրենց: Մշակույթի հետ մատաղ սերնդի կապի ամրապնդումը դպրոցի տնօրենը կարեւորում է ու շեշտում, որ այցելություններ են կազմակերպվում մարզեր` մշակութային ժառանգությանը տեղում ծանոթանալու նպատակով: «Երեք օր երեխաները նաեւ մայրաքաղաքում են եղել, շրջել մշակութային օջախներով, վերջերս եղել են նաեւ Հաղարծինում», – ասաց տկն Դալլաքյանը:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ողջունելով շրջիկ ցուցահանդեսի գաղափարը, անհրաժեշտ համարեց մշակութային միջոցառումների ավելի հաճախակի անցկացումը: Չինարին հարուստ է նաեւ մշակութային ժառանգությամբ, ու , համայնքի ղեկավարի խոսքով, սահմանը պահող զինվորը, գյուղացին դպրոցականը հուշարձանի նկատմամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում: Վկան` «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները:

Վաղը ցուցահանդեսը կհյուրընկալվի սահմանամերձ Այգեպար, Մոսեսգեղ, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի կրթօջախներում: