ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

2013-10-01T12:35:52+00:00 01/10/2013|Լրահոս|

Հարգելի բարեկամներ, գիտաժողովի մասնակիցներ,
Պատմամշակութային ժառանգության պահպանությունը և սերնդեսերունդ ավանդումն ու հանրահռչակումը ՀՀ մշակութային քաղաքականության գերակայությունների շարքում է` ի նպաստ մեր ինքնության պահպանմանը, խաղաղ ու ստեղծագործ գոյակցությանը, մշակութային երկխոսությունների խթանմանը: Այս դժվարին և պատասխանատու առաքելության իրականացումը մեր երկրում վստահված է հիմնականում պետական կառույցներին, և այսօր ուրախ եմ՝ ողջունելու Ձեզ՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության 25-ամյա հոբելյանի առթիվ:

Կառույցը ստեծվել է 1980-ականների ազգային զարթոնքի տարիներին՝ որպես պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի կառավարման ինստիտուցիոնալ հաստատություն: Եվ ի ուրախություն բոլորիս, պետք է նշել, որ անցած 25 տարիներին պատվով է կատարել իր առջև դրված դժվարին խնդիրները ու այսօր էլ շարունակում է իր արգասաբեր գործունեությունը: Վերջին տարիներին նկատելի է մշակութային ժառանգության արժևորման և մեկնաբանման, հանրահռչակման գործունեության կատարելագործման, գիտական հիմքերի վրա կառուցման կազմակերպության ակտիվ ձգտումները, որի առհավտչյան է «ճանաչե´նք, պահպանե´նք, ժառանգե´նք» կարգախոսով պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված ներկա գիտաժողովի կազմակերպումը՝ ի նշանավորում սեփական անցած և անցնելիք ուղու: Ողջունելի, որ կազմակերպությունը մշակութային ժառանգության կառավարման մեխանիզմների, արդի մոտեցումների մշակումը տեսնում է միջազգային համագործակցության և առաջադեմ փորձի կիրառման համատեքստում: Նման ավանդույթի հիմնավորման և փոխգործակցության մթնոլորտն առկա է նաև այստեղ և,անշուշտ, կտա իր դրական արդյունքները: Ողջունելի է նաև այն, որ կազմակերպությունը իր գործունեությունը կատարում է գիտական հենքի վրա:

Չեմ ուզում կենտրոնանալ կառույցի ձեռքբերումների վրա, որոնք շատ են, պարզապես ուզում եմ նշել, որ դրանք հիմք են տալիս գտնել նոր ու արդյունավետ լուծումներ հայրենի անցյալի նյութական վկայությունները լավագույնս պահպանելու և ներկայացնելու ուղղությամբ: Իսկ այս ոլորտում անելիքները գնալով աճում են և բարդանում, պահանջում մշտական ջանքեր, հոգատարություն, անընդհատ մասնագիտական կատարելագործում, գիտական նոր մեթոդների մշակում: Ուստի, այսօրվա գիտաժողովն օրակարգային է և հուսով եմ՝ շարունակական է լինելու՝ ի օգուտ պատմամշակութային ժառանգության կառավարման ոլորտում ծառացած խնդիրների լուծմանը և հեռանկարային զարգացման գործընթացների նախանշմանը:

Շնորհավորանքս եմ հղում կազմակերպության տարեդարձի առթիվ, շնորհակալությունս հայտնում անձնակազմին ու տնօրինությանը: Տպավորված եմ առկա ձեռքբերումներով և հաջողություն եմ մաղթում հետագա աշխատանքներում: Մեզ համար շատ կարևոր է այս միջոցառմանը մեր օտարերկրյա գործընկերների և հրավիրյալների ներկայությունը, ովքեր այստեղ են հաստատելու ունեցած առողջ գործընկերային և բարեկամական հարբերությունները: Հաջողություն եմ մաղթում գիտաժողովի աշխատանքներին …

Շնորհակալություն
Երևան
25.09.2013թ.