ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

2013-10-01T12:45:16+00:00 01/10/2013|Լրահոս|

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, հրավիրյալներ, հյուրեր.

Ինչպես հիշում եք շատերդ, ընդամենը անցյալ տարվա ամռանն էր, երբ ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, ինչն ավելի քան լայն արձագանքներ գտավ ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Այդ գիտաժողովի համակազմակերպիչն էր ՀՀ մշակույթի նախաարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի հիմնադրման 25-րդ տարեդարձը նշվում է այս տարի: Ահավասիկ, հիշյալ հոբելյանի առթիվ քառորդդարյա արգասալից ճանապարհ անցած հոբելյար կազմակերպությունը ևս մի շնորհակալ նվեր է մատուցում ոչ միայն բնագավառի բազում նախանձախնդիր մասնագետներին և աշխատողներին, այլև հենց իրեն` արդեն ինքնուրույն կազմակերպելով ներկա նոր միջազգային գիտաժողովը, որի թեման («Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները») օրգանապես շարունակում և մինչև ամբողջություն է լրացնում նախորդ միջազգայինի ընդգրկման ոլորտները: Այսպիսով, նկատելի է դառնում, որ հուշարձանների պահպանության բազմազան խնդիրներին զուգահեռ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» իր գործունեության կարևոր մաս է դիտում նաև գիտական աշխատությունների հրապարակ հանելը և գիտաժողովների անցկացումը, որն, անշուշտ, դրական երևույթ է:

Գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեզիսների թեմաները ևս մեկ անգամ փաստում են, որ խնդիրներ ունենք մեր աշխարհասփյուռ հուշարձանների թե՛ ուսումնասիրման և թե՛ նրանց պահպանության ու վերականգնման բնագավառներում: Կարծում եմ, որ գիտաժողովն այդ ուղղությամբ հնարավորինս կարձանագրի հուշարձանապահպան կազմակերպությունների անելիքները: Հայոց հուշարձանները հայ ժողովրդի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են, և բոլորիս պարտքն է այդ ուղղությամբ գործադրելու ամեն հնարավոր ջանք ու միջոց դրանց պահպանության համար:

Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ կազմակերպության 25-ամյակի առթիվ:

Գիտաժողովին, միջազգային կազմին և նրա մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ և արգասաբեր աշխատանք: