ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

2013-12-25T15:41:22+00:00 25/12/2013|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ մշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների շրջանակում, օրերս հյուրընկալվել էին մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում: «Պատմամշակութային ժառանգության գիտակներ» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինային մասնակցում էին Մ. Մելքոնյանի և Վահան Թոթովենցի անվան դպրոցների աշակերտները: Դպրոցականներին առաջարկվել էր պատասխանել ՊՄՊ Երևանի ծառայության և ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հավաքածունների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից կազմված հարցաշարին: Դրանք վերաբերում էին մայրաքաղաքի հուշարձաններին, կառուցման ու տեղադրման տարեթվերին, անվանումների ստուգաբանությանը: Պատասխանները գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՊՄՊ ծառայության աշխատակիցներն ու կրթօջախների մանկավարժները:

Յուրաքանչյուր դպրոցից ընտրվել էր բարձր առաջադիմություն ունեցող 8-ական աշակերտ: Դժվարին ու լարված պայքարում, միավորների չնչին առավելությամբ հաղթանակ տոնեց Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ նույն դպրոցի երգչախումբը: Մասնակիցներին հանձնվել են հուշարձանների մասին պատմող գրքեր, պատվոգրեր:

«Համագործակցությունը կրթօջախների հետ շարունակական բնույթ է կրում: Այսօրինակ միջոցառումներից շահում են նաև հուշարձանները, քանի որ պահպանելու համար, նախ պետք է ճանաչել դրանք», -իր խոսքում ասաց ՊՄՊ Երևանի ծառայության պետ Ա. Մկրտչյանը, հավելելով, որ նման միջոցառումների ժամանակ հաղթում են բոլորը` առավել մոտիկից ճանաչելով անցիալի սուրբ մասունքները, որոնք պարտավոր ենք աչքի լույսի պես պահպանել և անխաթար փոխանցել հաջորդ սերունդներին»: