ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԵՑ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԵՑ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ

2014-02-14T15:44:25+00:00 14/02/2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն: ՊՈԱԿ-ը և իր ստորաբաժանումները շարունակել են իրականացնել լայնածավալ աշխատանքներ հուշարձանների պահպանության ուղղությամբ: Զեկույցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի Երևանի և 10 մարզային ծառայությունների, 5 արգելոց-թանգարանների և 4 արգելոցների կողմից պետական սեփականություն համարվող պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը իրականացվել է օրենսդրության պահանջներին համահունչ: Աշխատանքային շրջայցերի ընթացքում արձանագրվել է հուշարձանների պահպանվածության փաստացի վիճակը: 2013 թ. սերտացել է գործակցությունը ՏԻՄ մարմինների հետ, ՊՄՊ ծառայությունների աշխատակիցները մասնակցել են մարզպետարաններում անցկացվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում ՊՄՊ ծառայությունների աշխատակիցների կողմից հստակեցվել են պատմամշակութային նշանակություն ունեցող առանձին հողատարածքների սահմանները, տրվել մասնագիտական եզրակացություններ առանձին հողատարածքներում մշակութային շերտերի առկայության մասին, ներկայացվել առաջարկություններ: ՊՈԱԿ-ի աշխատակիցներն օպերատիվ արձագանքել են հուշարձանների պահպանության, դրանց տարածքներում իրականացվող իրավախախտումների դեպքերի վերաբերյալ ստացված ահազանգերին: Առանձին փաստերի դեպքում` Արմավիր, Սյունիք, Արագածոտն, Վայոց ձորի մարզ, , Երևան եւ այլ համայնքների ղեկավարներին, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի մարզային դատախազություններին համապատասխան գրություն է ուղարկվել, հարուցվել են քրեական գործեր: Իրավախախտումների և ձեռնարկված միջոցների մասին ՊՈԱԿ-ը համապատասխան գրություններ է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն: 2013 թ. արձանագրվել են նաեւ հուշարձաններից, հատկապես հնավայրերից գանձագողությունների դեպքեր:

ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, հրատապ է մնում համայնքների տարածքում գտնվող, հուշարձանի կարգավիճակ ունեցող և ըստ էության «փակ» համարվող գերեզմանատների, հնագիտական հուշարձանների տարածքներում կատարվող ապօրինի հուղարկավորությունների հարցը, որոնք խաթարում են հուշարձանների պատմամշակութային և հնագիտական շերտերը: ՊՄՊ ծառայությունները խնդրով դիմել են համայնքների ղեկավարներին՝ գերեզմանատների համար հուշարձաններ չընդգրկող նոր տարածքներ տրամադրելու, հուղարկավորությունները հուշարձանների տարածքներում թույլ չտալու խնդրանքով:
Հուշարձանների պահպանության միջազգային օրը` ապրիլի 18-ին դպրոցականների, զինվորների, կամավորների ջանքերով մաքրվել եւ բարեկարգվել են հուշարձանների տարածքները /43 զորամասերի շուրջ 1300 զինծառայող և 183 դպրոցի շուրջ 4000 աշակերտ/: Հաշվետվության ընթացքում նշվեց, որ անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մեծամոր հնավայրում իրականացվել են հնագիտական աշխատանքներ: Սեպտեմբերի 25-27-ը Երեւանում կայացել է «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» խորագիրը կրող գիտաժողով` նվիրված ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ամյակին:
ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը շեշտեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության հետ եւ նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերականգնել 10-20 հնագիտական առարկա: ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձավ նաեւ «Զորաց քարերի», «Մագիլի» եւ «Արջերի» քարանձավին վերաբերող խնդիրներին:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը դրվատանքով խոսեց ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքների մասին:
«Գերազանցիկ ՊՈԱԿ եք, երեւի միակն եք, որ նման ցուցանիշ եք ապահովել», – ասաց նախարարի տեղակալը: Նշվեց, որ ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի «Լոռի Բերդ» արգելոցի մուտքի դարպասի հարցը: Տկն Սամուելյանը ՊՈԱԿ-ի տնօրինությանն առաջարկեց ներկայացնել «Գառնի» -ի նոր ցուցադրության նախագիծը:

ՊՈԱԿ-ի աշխատանքից իր գոհունակությունը հայտնեց նաեւ «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանն աշխատանքի առավել բարձր արդյունավետություն ապահովելու նկատառումով նաեւ առաջարկությունների փաթեթ ներկայացրեց: