ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ԲԱԶԵՅԱՆԸ` ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ԲԱԶԵՅԱՆԸ` ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ

2014-05-07T16:47:34+00:00 07/05/2014|Լրահոս|

«1877-1878 թթ. ռուս- թուրքական պատերազմի քաղաքական եւ պատմական հիշողությունները» թեմայով խորհրդաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 12-15-ին, Երեւանում: Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. Ավստրիայի Գրաց քաղաքում, Կառլ Ֆրանցի անվան համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կառլ Կազերի նախաձեռնությամբ: Նախորդ տարի տարբեր պետությունների գիտնականներ էին հավաքվել Բուլղարիայում: Խորհրդաժողովի նպատակն է ռուս-թուրքական պատերազմի մասնակից երկրների գիտնկանների օգնությամբ վեր հանել տվյալ երկրներում պատերազմի մասին եղած մշակութային ու քաղաքական հիշողությունները: Աշխատանքային խորհրդակցությունների ու քննարկումների ընթացքում տարբեր երկրներից ժամանած գիտնականները ներկայացնում են իրենց դիտարկումները, հանդես գալիս զեկուցումներով, որոնք հետագայում հրատարակվում են: Խորհրդաժողովի մասնակից պետությունների գիտնականները հնարավորություն ունեն նաեւ ուսումնասիրելու մասնակից պետությունների արխիվներում եղած փաստաթղթերը: Հենց այդ ծրագրի շրջանակում էլ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգոր Ալանյանի եւ երիտասարդ գիտաշխատող Տաթեւ Մուրադյանի հետ մեկ ամիս հնարավորություն են ունեցել աշխատելու Կառլ Ֆրանցի անվան համալսարանի գրադարանում եւ արխիվում: Արխիվային փաստաթղթերից զատ, որոնք կօգնեն հետագա գիտական աշխատանքի ընթացքում, Կ. Բազեյանն ուսումնասիրել է նաեւ թանգարանային գործին վերաբերող նյութեր, հրատարակություններ, նորագույն տեխնոլոգիաների կիրառում, նոր մոտեցումներ մշտական ու ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման հարցում: Ձեռք բերված տեղեկատվական բազան օգտակար կլինի նաեւ ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ցուցադրությունների հայեցակարգերի մշակմանը, նոր մեթոդների կիրառմանը: