«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում, մայիսի 18-ին, «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ արդեն ամենամյա «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Նախորդ տարիներին / 2010, 2011 և 2013 թթ. ծրագիրն իրականացվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, 2012 թ.` «Զվարթնոցում»:

Ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ ունեցավ Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի անսամբլը /գլխավոր բալետմայստեր` Արայիկ Գևորգյան, երաժշտական մասի ղեկավար` Էլմիրա Կռոյան, գեղարվեստական ղեկավար` Արմեն Ներսիսյան/: Համերգ-միջոցառումը բաղկացած էր երկու` համերգային և պարուսուցման փուլերից: Մեկ ու կես ժամ տևած միջոցառման ընթացքում պարային համույթի ավելի քան 20 պարողներ կատարեցին մեկ տասնյակ ազգագրական և ժողովրդական պարեր, ներկայացվեցին Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը և հայկական ավանդական պարերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում և սովորույթներում, դրանց առնչվող պատմություններն ու ավանդապատումները: Միջոցառումը վարել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամ, պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում իր ուրույն ավանդը ներդրած Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Ծրագրի ավարտին այցելուների համար պարուսուցում կազմակերպվեց, բացատրվեց պարաքայլի իմաստն ու կատարման ձևերը:
Պարային համույթի կատարողները միջոցառման ավարտին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից արժանացան նվեր-մրցանակների: «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» հանրահռչակման ասպարեզում ցուցաբերած գործուն մասնակցության համար «Հորովել» երգի-պարի անսամբլը պարգեւատրվեց նաեւ ՊՈԱԿ-ի պատվոգրով: