ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ

2014-08-08T10:07:50+00:00 08/08/2014|Արագածոտնի Հուշարձաններ|

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ՝ ՔԱՐԵ ԴՌՆԵՐՈՎ
Արագածոտնի մարզ
գ. Աղձք, պետ. ցուցիչ՝ 2.8.8
գ. Կոշ, պետ. ցուցիչ՝ 2.61.16
գ. Ուջան, պետ. ցուցիչ՝ 2.109.13

 

Հայաստանում քարե դռներով քարանձավներ հանդիպում են Արագած լեռան հարավային լանջի ձորերում՝ Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում: Դրանք վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ են, որոնք գիտականորեն քիչ են ուսումնասիրված: Հիմնականում կառուցվել են արդեն ձևավորված քարանձավներում և ծառայել որպես սննդամթերքի գաղտնարան-պահեստարաններ: Ավելի ուշ ժամանակներում, ընդհուպ մինչև XX դ., բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացված մարդկանցով:

Քարանձավները հիմնականում բաղկացած են եղել երեք մասից: Առաջինը քարանձավային սրահն է, երկրորդը՝ դեպի սրահ տանող թունելատիպ մուտքը, երրորդը՝ քարե դուռը: Սրահների թիվը քարանձավներում կարող էր հասնել 7-ի: Դրանք 40-45 քմ մակերեսով, բնական փորվածքով տարածքներ են: Խոնավության առկայության դեպքում, սրահի ժայռապատին զուգահեռ, բազալտե անկանոն քարերով պատ է շարվել: Սննդամթերքը պահելու համար սրահի անկյուններում փորվել են թոնրատիպ հորեր՝ պահեստարաններ, որոնք հաճախ եղել են երկհարկ, երբեմն՝ եռահարկ: Քարանձավների քարե դռները, իրենց շրջանակներով, անխտիր պատրաստված են եղել բազալտե քարերից: Որպես կանոն՝ բոլոր դռները բացվել են դեպի ներս: Ունեցել են 60-100 սմ լայնություն, 50-150 սմ բարձրություն և 30-35 սմ հաստություն:

Աղձք գյուղի, Ամբերդաձորի արևմտյան լանջին պահպանված քարանձավը բաղկացած է 3 սրահից և 3 դռնից: Կենտրոնական մեծ սրահի հատակը, պատերը և առաստաղը մարդու կողմից ենթարկվել են մշակման: Սրահների հետ կապը եղել է թունելային անցումներով:

Կոշ գյուղի քարանձավը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցուց 600 մ հյուսիս: Բաղկացած է 5 քարե դռներից:

Ուջան գյուղի՝ քարե դռներով քարանձավը գտնվում է գյուղից հյուսիս՝ «Բքոյի գեղ» տանող ձորի արևմտյան լանջին: Յոթդռնանի քարանձավ է: Պահպանվել են երկու դռները, մյուսները մնացել են սրահները իրար կապող թունելների փլատակների տակ: Դռները այնքան ցածր են, որ թունելի միջով դեպի սրահ կարելի է անցնել միայն սողալով: Սրահն ունի անկանոն հատակագիծ և 2,5 մ բարձրություն: Սրահի անկյուններում պահպանվել են հացահատիկի համար նախատեսված թոնրատիպ հորեր:
Քարե դռներով քարանձավները հնագիտական և պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են:

Հիմնական գրականություն

Շահինյան Ս., Հայաստանի քարանձավները, գիրք Ա, Երևան, 2005: