ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԱԽՈՒՄԲ

2014-08-08T12:08:00+00:00 08/08/2014|Արագածոտնի Հուշարձաններ|

Արագածոտնի մարզ
գ. Ջրամբար
պետ. ցուցիչ՝ 2.91.2

 

Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Ս. Վարդան, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից:

1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Ս. Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Ս. Պողոս -Պետրոս եկեղեցին մնացել է տեղում:
Ս. Պողոս -Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության «գմբեթավոր սրահ» տիպի շինության առաջին օրինակն է: Ըստ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` այն սկզբնապես եղել է հեթանոսական մեհյան, որը IV դ. սկզբներին վերածվել է եռանավ բազիլիկ կառույցի և միայն V դ. վերջին ու VI դ. սկզբին Գրիգոր Գնթունի իշխանի կողմից՝ գմբեթավոր սրահի: Շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու աջակողմյան որմնամույթի վրա: Ուղղանկյուն դահլիճ է, որի հյուսիսային և հարավային պատերին կից երկու զույգ հզորացված որմնամույթերի վրա բարձրացված է տրոմպային փոխանցումով գմբեթը (այժմ՝ քանդված): Արևելյան կողմում՝ ներսից պայտաձև, դրսից ուղղանկյուն ծավալով խորանն է: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում:
Հիմնովին նորոգվել է 1896 թ.: Մեզ է հասել խոնարհված վիճակում:

Թուխ Մանուկ եկեղեցին կառուցվել է IV-V դդ.: Միանավ, պայտաձև խորանով, թաղածածկ, կղմինդրե ծածկով երկայնական սրահ է: Կառուցված է եղել տեղական տուֆի խոշոր սրբատաշ քարերով: 1862 թ. Մահտեսի Հակոբն ու իր որդի Սարգիսը նորոգել են եկեղեցին՝ շարվածքի համար օգտագործելով ավելի փոքր քարեր: Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում:

Ս. Վարդան եկեղեցին համալիր կառույց է՝ բաղկացած եկեղեցուց և երկհարկ դամբարանից: Թվագրվում է V դ.: Ուղղանկյուն հիմքով, միանավ, թաղածածկ, կղմինդրածածկ շինություն է՝ կառուցված տեղական կարմրավուն տուֆի խոշոր սրբատաշ քարերով: Պահպանվել են եկեղեցու պատերի հիմնային մասերը: Հարավային կողմից կից է երկհարկ դամբարանը, որից պահպանվել է միայն 2,8 մ խորությամբ գետնափոր մասը՝ անմշակ գետաքարերով շարված: Եկեղեցու աղոթասրահի և գետնափոր դամբարանի մուտքերը հարավարևմտյան կողմի նախասրահից են:

Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է 451 թ.՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի հիշատակին, իսկ դամբարանում ամենայն հավանականությամբ թաղված է նրա զինակից՝ Նիգ-Ապարանի տեր, նախարար Տաճատ Գնթունին:

Ս. Վարդան եկեղեցին և դրան կից երկհարկ դամբարանը վաղմիջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից են:
«Խաչեր» կոչվող վայրում՝ եկեղեցիների հարևանությամբ, և հնագույն գերեզմանոցում կանգնած են վաղմիջնադարյան երկու քառակող կոթողներ:

Հիմնական գրականություն

Սահինյան Ա., Զովունիի ճարտարապետական խումբը, «Լրաբեր հաս. գիտ.», 1968, N 1:

Պետրոսյանց Վ., Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988: