«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

2014-09-23T19:33:22+00:00 23/09/2014|Լրահոս|

Անկախության տոնը յուրաքանչյուր հայի սրտում է, մեզանից յուրաքանչյուրի նվիրական իղձն է ու յուրաքանչյուրինս է: Հենց այդ գիտակցումով էլ 23 տարի առաջ ընտրեցինք անկախության ճանապարհն ու կերտեցինք մեր այսօրվա պետությունը:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` ս.թ. սեպտեմբերի 21-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ «Լույսի հայրենիք» խորագիրը կրող տոնական միջոցառում: Տոնական մթնոլորտն ակնառու էր հենց թանգարանի մուտքից, տարածքը զարդարված էր եռագույն դրոշներով ու փուչիկներով: Կատարումներով հանդես եկան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը, երգիչ-երգչուհիներ Սուսաննա Սաֆարյանը, Մադլեն Ասրյանը, Անահիտ Հարությունյանը, Ասատուր Ասլանյանը: Ռազմահայրենասիրական ու ազգագրական երգերը յուրօրինակ շունչ հաղորդեցին միջոցառմանը, որը լրացվում էր նաև պարային համույթների ու լարային քառյակի կատարումներով: Մթնոլորտն այնքան ջերմ ու ոգևորող էր, որ այցելուներն անկաշկանդ միացան պարողներին: Այցելուների հետ մեկտեղ պարեց նաև ճանաչված երգչուհի Սուսաննա Սաֆարյանը:

Միջոցառումն ունկնդրող այցելուների թվում նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ էին` Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չինաստանից, այլ երկրներից, ովքեր անկեղծ հիացմունքով հայտնում էին իրենց տպավորությունները կազմակերպված միջոցառման առիթով:

Առաջին անգամ Հայաստան ժամանած էստոնացի Մարինա Սուլթանյանն առանց հուզմունքի ու արցունքների չկարողացավ արտահայտել զգացումները: Նրա խոսքով` հայկական երաժշտությունը ներթափանցում է միչև հոգու խորքը, եւ հնարավոր չէ պարզապես լսել: Մ. Սուլթանյանն, ով, ի դեպ, ամուսնու հայկական ազգանունն է կրում, շեշտեց, որ հայկական մշակույթը հոգեհարազատ է իրեն:

Օտարերկրացի մեկ այլ զբոսաշրջիկի` Էդուարդ Շտիվենմանի խոսքով էլ` ակնհայտ է ռազմահայրենասիրական բարձր ոգին մեր մշակույթի, երգ-երաժշտության մեջ:

Միջոցառմանը ներկա մեր հայրենակիցների գնահատմամբ` Անկախության տոնը հինավուրց մշակութային օջախում` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպելը յուրօրինակ խորհուրդ է բովանդակում:
Տոնական միջոցառումը վարեց դերասան, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը: