ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

2018-03-29T15:55:51+00:00 27/09/2014|Արմավիր, Լրահոս|

Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի շրջանակներում, Արմավիր քաղաքի գրադարանում այսօր բացվել է Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների 1910-1920-ական թթ. և մեր օրերում արված լուսանկարների ցուցահանդես:
Հին լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բնօրինակ սևանկարների (նեգատիվներ) վերարտադրություններ են, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Ցուցահանդեսի նպատակներն են Արևմտյան Հայաստանի ճարտարապետական հուշարձանների վիճակը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտն ու դրանից 100 տարի անց ներկայացնելը, հայկական պատմական հուշարձանների նկատմամբ Թուրքիայում առայսօր իրագործվող քաղաքականության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն ու դպրոցականների, ուսանողների շրջանում սեփական մշակութային ժառանգության արժևորման, պատմական հուշարձանների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման և ազգային ինքնության բարձրացման ուղղությամբ կրթական աշխատանքներ իրականացնելը:

Միջոցառումն ընթացել է Կոմիտաս վարդապետի /ում ծննդյան օրն է այսօր/, երաժշտության հնչյուններով:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը, այնուհետև կտեղափոխվի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: