ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվել է «Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրություն»: Ներկայացվել է հուշարձանի տարածքից հայտնաբերված ճարտարապետական հիսուն` քանդակազարդ, առաջին աստիճանի թմբկապատի արտաքին քանդակագոտու և քիվի վերնասալի բեկորներ: Նախորդներից այս ցուցադրությունն առանձնանում է նյութի ընտրությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել զարդաքանդակների ներկայացմանը: 20-ից ավելի բեկորներ ցուցադրվում են առաջին անգամ:

Ցուցադրված ճարտարապետական բեկորները հետագայում նախատեսվում է ներկայացնել պատվանդանների վրա:
Հիշեցնենք, որ հուշարձանի տարածքում առաջին անգամ բացօթյա ցուցադրություն է կազմակերպվել ավելի քան 70 տարի առաջ, երբ ճարտարապետ Լ. Սադոյանը և հնագետ-պատմաբան Կ. Ղաֆադարյանը Զվարթնոցի շրջակա գյուղերից հավաքել և տաճարի հրապարակ են տեղեփոխել հուշարձանի բեկորները: Ճարտարապետական բեկորների բացօթյա ցուցադրության ներկայացումը շարունակել է ճարտարապետ Գառնիկ Թորամանյանը: