«Բ. Բ. ՊԻՈՏՈՐՎՍԿԻՆ և ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

«Բ. Բ. ՊԻՈՏՈՐՎՍԿԻՆ և ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

2015-04-10T15:55:15+00:00 10/04/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ լույսէ տեսել «Բ. Բ. Պիոտրովսկին և հնագիտությունը» գիտական հոդվածների ժողովածուն, որը նվիրված է անվանի արևելագետ և ուրարտագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ժողովածուն ընդգրկել է Հայակական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությանն առնչվող Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Լեհաստանի, Վրաստանի, Թուրքիայի ժամանակակից հնագետների հոդվածները:

Հնագետ, արևելագետ, թանգարանագետ, պատմաբան, արվեստաբան Բորիս Պիոտորվսկին աստվածաշնորհ անձնավորություն էր, գիտնական, որի բազմաթիվ հիմնարար ուսումնասիրություններն այսօր էլ արդիական են ուրարտագիտության, եգիպտագիտության, մշակույթի պատմության և մերձավոր-արևելյան հնագիտության մեջ:

Երկարատև որոնումների և մասնագիտական նուրբ կանխազգացողությունների արդյունքում նա, որպես պեղավայր, ընտրեց Երևանի արևմտյան արվարձանում գտնվող Կարմիր բլուրը: Բ. Պիոտրովսկու գլխավորությամբ խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և Պետական Էրմիտաժի համատեղ արշավախմբի Կարմիր բլուրում իրականացված երկարատև պեղումների շնորհիվ, հինավուրց քաղաք-ամրոց Թեյշեբանին մինչև այսօր համարվում է Ուրարտուի մշակույթի առավել համակողմանի ուսումնասիրված հուշարձաններից մեկը:

Հոդվածների այս ժողովածուն երախտիքի համեստ դրսևորում է ակադեմիկոս Բ. Բ. Պիոտրովսկու` մեծ գիտնականի և մտավորականի պայծառ հիշատակին, ով նոր էջ բացեց ու նոր ուղղություն կանխորոշեց կովկասյան, մերձովոր-արևելյան և հատկապես հայ հնագիտության մեջ: