ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱՑ ԴԱՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2015-05-15T15:01:33+00:00 14/05/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի և Երևանի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, բաց դաս է անցկացվել Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար: «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանում» թեմայով զեկուցումով հանդես է եկել «Գիտահետազոտական բաժնի» գիտաշխատող Մենուա Գևորգյանը: Դպրոցականներին ներկայացրել է ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանները, խոսել դրանց պատմական և մշակութային արժեքի մասին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո են գտնվում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող 626 հուշարձաններ /ավելի քան 500-ն ընդգրկված է պետական ցուցակներում/:

«Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մեծ թվով հուշարձաններ` հուշաղբյուրներ համալիրներ, արձաններ կան: Դա վկայում է Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի համընդգրկուն մասնակցության ու Խորհրդային պետության կողմից իրականացրած քարոզչական քաղաքականության մասին: Ինչպես ողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ` Խորհրդային Հայաստանում հուշարձանները սկսեցին կառուցել պատերազմի ավարտից անմիջապես հետո, հազվագյուտ դեպքերում` նաև պատերազմի տարիներին», -իր խոսքում նշել է զեկուցողը: Նրա փոխանցմամբ, այդ հուշարձանների ստեղծմանը մասնակցել են Խորհրդային Հայաստանի ամենահայտնի ճարտարապետները և քանդակագործները:

Մ.Գևորգյանը խոսել է նաև մայրաքաղաքի ամենահայտնի հուշարձանի` Երևանի «Հաղթանակ» զբոսայգում «Մայր Հայաստան»-ի մասին:

«Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանում» թեմայով բաց դասեր կանցկացվեն նաև Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի ու Արարատի մարզերի դպրոցներում: