ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2015-05-18T17:09:40+00:00 18/05/2015|Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ, «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացվել են Շարամբեյանի՝ Դիլիջանի մոռացված պատկերները, հին տներ ու բակեր, որոնք վաղուց արդեն չկան:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Առաքելյանը, Երկրագիտական թանգարանի տնօրեն Ղազար Ղազարյանը, Հ. Շարամբեյանի դուստրը` Անուշ Շարամբեյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանն իր խոսքում կարևորել է մեր մշակութային ժառանգության պահպանությունը: «Դիլիջանն ունի հրաշալի թանգարան, որտեղ պահվում են 20-րդ դարի կենցաղին վերաբերող տարբեր նյութեր ու առարկաներ: «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը կարևոր նշանակություն ունի տեղացիների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրին հիշեցնում է իր հին քաղաքի կենցաղը` ապահովելով սերունդների հոգևոր մշակութային կապը»:

ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը խոսել է Շարամբեյան նկարչի և մշակութային գործչի մասին՝ ընդգծելով նրա կատարած հայրենանվեր աշխատանքի կարևորությունը: Նրա խոսքով, Հովհ. Շարամբեյանի ստեղծագործությունների ցուցադրությունը համահունչ է թանգարանային գիշերվա խորագրին՝ «Թանգարաններ. հիշողության վկաներ»:

«Հ. Շարամբեյանը, ով իր մեջ կրում է Վանի մշակույթը, իր կտավներում ներկայացրել է հին Դիլիջանը, նրա մոռացված կենցաղն ու մշակույթը, որպես այդ հիշողության լուռ վկաներից մեկը: Շարամբեյանը ոչ միայն նկարիչ է, այլև մշակութային գործիչ, որը մեծ ներդրում ունի հայկական ժողովրդական արվեստի պահպանության, զարգացման ու հանրահռչակման գործում», -իր խոսքում նշել է Կ. Բազեյանը:

ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Արմեն Աբգարյանն էլ ընդգծել է պատմական անցյալն իր մեջ կրող Հ. Շարամբեյանի թողած ժառանգության կարևորությունը. «Յուրաքանչյուր սերունդ՝ բռնելով առաջադիմության ուղին առաջին հերթին պետք է գնահատի և արժևորի այն հոգևոր մշակութային ժառանգությունը, որի կրողն է: Շարամբեյանն այն անհատն էր, որն հաջողվել է վեր կանգնել իր ժամանակից և դառնալ հավերժի քաղաքացի»:

ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը ներկայարցել է Շարամբեյանի կենսագրությունը, ընտանիքի պատմությունը, ճակատագրի դաժան հարվածը, որ կրել է նկարիչը դեռ մանուկ հասակում:

«Կան մարդիկ, որոնց հետ մշտապես հաճելի է հանդիպել: Նրանք հրապուրված են իրենց գործով, կենսուրախ են ու բարի: Այդպիսին էր Վանիկ Շարամբեյանը`իր հայրենիքի ժողովրդական արվեստի նվիրյալը»,-իր խոսքը եզրափակեց Է. Եսայանը:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: