ԼՈՌԵՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ԼՈՌԵՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2015-06-03T16:18:47+00:00 02/06/2015|Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը, Վանաձորի բնագիտական թեքումով «Էվրիկա» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ համատեղ, էքսկուրսիա և բաց դաս է անցկացրել հուշարձանների տարածքում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների միջև համագործակցությունն ու փոխադարձ կապը ամրապնդելու, ինչպես նաև աշակերտներին հարևան մարզի պատմամշակութային արժեքները ճանաչելի դարձնելու նպատակով, այցելության վայր է ընտրվել Գյումրի քաղաքը:

Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են Կումայրի ճարտարապետական արգելոցի տարածքում, անցել Վարպետաց փողոցով՝ ծանոթացել Գյումրվա ճարտարապետական հարուստ կոլորիտին: Պատանիների համար հատկապես հետաքրքիր են եղել Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարաններ կատարած այցելությունները, որտեղ ներկայացվել են երեք հայ մեծերի կյանքի և ստեղծագործական աշխատանքի մանրամասները: Կումայրի ճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող նշանավոր Յոթ վերք և Սբ. Ամենափրկիչ եկեղեցիների մոտ Ա. Մելիք-Սարգսյանն անցկացրել է բաց դաս՝ ներկայացնելով եկեղեցիների պատմությունը, կառուցման, 1988թ. երկրաշարժից վնասման ու վերականգնման մանրամասները: Այցելության ավարտին պատանիները գլուխ են խոնարհել Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մոտ կառուցված 1988թ. երկրաշարժի զոհերի հուշարձանի առաջ՝ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Այսօրինակ նախաձեռնությունների նպատակը պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահչակումն է, հուշարձանների հանդեպ պատանիների ուշադրությունը, հարգանքն ու հոգատարությունը արմատավորելը:

Համագործակցությունը շարունակելի է. պայմանավորվածություն է ձեռք բերվել բաց դասի և արշավների միջոցով, Շիրակի մարզի աշակերտներին ծանոթացնել Լոռու մարզի հուշարձաններին: