ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

2015-08-10T15:53:54+00:00 July 17th, 2015|Երեվան, Հուշարձաններ|

Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.129

450-451թթ. Սասանյան Պարսկաստանի դեմ ազատագրական շարժման առաջնորդ, սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Սահակ Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին: Կրթությունը ստացել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում:

449թ. Արտաշատում գումարված հայ մեծամեծ նախարարների և հոգևորականների ժողովը մերժեց պարսից Հազկերտ 2-րդ-ի կրոնափոխության պահանջը: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտը հայ ժողովրդի պատմական ճակատագրում առանձնակի կարևորություն է ներկայացնում և պատահական չէ, որ մայիսի 26-ին հայ ժողովուրդը նշում է որպես «Ավարայրի ճակատամարտի» օր, իսկ փերվար-մարտ ամիսներին` Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, նշում ենք «Վարդանանց» տոնը` ի պատիվ պատերազմում ընկած հայորդիների:

Վարդան Մամիկոնյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1975թ. դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգում, Վարդանանց փողոցի հարևանությամբ: Արձանի նյութը` կոփածո պղինձ, կարմրավուն կրաքարային ավազաքար, ընդհանուր բարձրությունը` 17 մ: Հուշարձանի քանդակագործ` Երվանդ Քոչար, ճարտարապետ` Ս. Քյուրքչյան: