ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՊԱՏՄՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՊԱՏՄՈՒՄ ՇՈՒՇԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

2016-02-11T17:11:41+00:00 08/02/2016|Լրահոս|

Շուշիի պատմության թանգարանի շենքը կառուցվել է XIX դարի սկզբին, որտեղ ապրել է ցարական բանակի հայտնի փոխգնդապետ Իսայի Ղարամյանցի ընտանիքը, այնուհետև որոշ ժամանակ այն հասարակական նշանակության շենք է եղել, որտեղ ապրել են շուշեցի հայտնի գործիչներ՝ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, Րաֆֆին:

Խորհրդային տարիներին՝ մինչև 1973 թվականը, շենքը ծառայել է որպես քաղաքի ծննդատուն, հետո փոփոխվել ու հարմարեցվել է արևելյան գորգերի թանգարանի:1992 թվականի մայիսի 28-ից շենքում գործել է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, իսկ այսօր այն Շուշի քաղաքի պատմության թանգարանն է:

Թանգարանի ցուցադրությունը սկսվում է մ.թ.ա. X-IV դարերի Շուշիի կենցաղը ներկայացնող ցուցադրությամբ: Դրանք ուշ բրոնզեդարյան, հելլենիստական և միջնադարյան հնագիտական նյութեր են` կենցաղային իրեր, զարդեր, զենքի մնացորդներ, որոնք հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարած արշավախումը գտել է Շուշիի պեղումների ժամանակ: Այս նյութերը, սակայն, ավելի ուշ են համալրել թանգարանի հավաքածուն: Առաջին ցուցանմուշները եղել են դեկորատիվ կիրառական արվեստի իրերը՝ պղնձե կաթսա, սափորներ, կժեր, կշեռքներ և այլն:

Շուշիի պատմության թանգարանում ցուցադրվում է «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունների մանրակերտը, որը ավելի պատկերավոր է ցույց տալիս Շուշիի ազատագրական պայքարի ուղղություններն ու ընթացքը: Շուշիի ազատագրմանը նվիրված բաժնում ցուցադրվող մանրակերտը թանգարանի ամենաուշագրավ ցուցանմուշն է, որը յուրաքանչյուր այցելուի ակամա ստիպում է հավաքվել իր շուրջն ու լսել նրա՝ այսօր արդեն անհավանական թվացող պատմությունը:

Այս բաժնում այդ մանրակերտից բացի ցուցադրվում են նաև ազատագրման ընթացքում օգտագործված զինատեսակների տարբեր հատվածներ, լուսանկարներ, խորհրդանշական «Հրադադար» գեղանկարը և այլ նյութեր:

Թանգարանի ցուցադրության մեջ առանձին խնամքով է ներկայացված շուշեցի մեծահարուստ բարեգործ Թադևոս Թամիրյանցի անկյունը: Այն պատմում է, թե ինչպես են ապրել շուշեցի մեծահարուստները: Թամիրյանցի տան իրերից ամենաուշագրավը խավարի ու լույսի պայքարն արտացոլող հին գորգն է:

Շուշիի պատմության թանգարանի հավաքածուն քաղաքի պեղումների շնորհիվ ժամանակ առ ժամանակ համալրվում է, որը հնարավորություն է ընձեռում հայ և օտարերկրացի այցելուներին ավելին պատմել Շուշիի երբեմնի հարուստ անցյալի մասին:

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի կարծիքով այցելուները թանգարանից հեռանում են Շուշիի մասին հնարավորինս ընգրկուն պատկերացումներով. «Թանգարանի ազգագրական հավաքածուն ներառում է տեղի արհեստագործների աշխատանքները: XIX դարի կենցաղին բնորոշ առարկաները պատմում են Անդրկովկասի խոշորագույն մշակութային կնետրոններից մեկի բնակիչների՝ շուշեցիների, կենցաղի մասին: Իսկ լուսանկարները ներկայացնում են Շուշիի երբեմնի մշակութային, կրթական և հասարակական կյանքը: Թանգարանը թույլ է տալիս ընգրկուն պատկերացում կազմել նաև 1920-ական թվականների Շուշիի պատմական իրադարձությունների մասին»: