ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻ

ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻ

2016-02-11T16:59:50+00:00 February 9th, 2016|Լրահոս|

Հին Թիֆլիսի հենց սրտում ՝ Մեյդան թաղամասում, Նարիղալա լեռան փեշերին փռված Սամղեբրո փողոցում է գտնվում Վրաստանի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին: Կերամիկայից շարված վառ փիրուզե տանիքով միջնադարյան այս հոգևոր ու մշակութային կենտրոնը քաղաքի շատ վայրերից է երևում ու պատահական չէ, որ այն կառուցվել է հին Թիֆլիսի՝ մինչև օրս էլ ամենակոլորիտային թաղամասի հենց սրտում:

Սուրբ Գևորգը Թբիլիսիի երկու գործող հայկական եկեղեցիներից մեկն է՝ առաջնորդանիստը, որը կառուցվել է 1251 թվականին հայ վաճառական Ումեկի ջանքերով ու ծախսերով: Ումեկ իշխանին հաջողվել է ժամանակի վրացական ու արաբական իշխանությունների միջև ծագած այնպիսի մի խնդիր հարթել, որի համար վրաց թագավորը պատրաստակամություն է հայտնել վարձահատույց լինել նրան: Ումեկ իշխանը խնդրել է Սոլոլակ թաղամասի ամենաբարձրադիր հատվածում տարածք տրամադրել և թույլատրել կառուցել այնտեղ հայկական եկեղեցի: Եվ այդպես, XIII դարից մինչև օրս, բազմազգ Վրաստանի խորհրդանիշ հանդիսացող թաղամասի կենտրոնում հանգրվանում է հին Թիֆլիսի «Հայոց Մարգարիտը». այդպես էին հնում հայերն անվանում Սուրբ Գևորգը:

Դարերի ընթացքում տաճարը բազմաթիվ արշավանքների ժամանակ վնասվել է, հասել է փլուզման եզրին, հրդեհվել, բայց նորից վերականգնվել ու մինչև օրս էլ կանգնուն է: Եկեղեցու վերջին ու հիմնավոր վերանորոգումն ավարտվել է 2015թ.-ի աշնանը, որի նախաձեռնողն ու այլ մեկենասների հետ միասին իրականացնողը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն էր: Հենց այդ վերանորոգման աշխատանքների ժամանակ էլ պարզվեց, որ Սուրբ Գևորգը ոչ միայն Վրաստանի հնագույն եկեղեցիների թվին է դասվում ու ճարտարապետական մեծ արժեք է ներկայացնում, այլև այն, որ այստեղ՝ դարերի խորքում սվաղի ու ոչ մասնագիտական վերանորոգումների շերտերի տակ, փաստորեն, թաքնված են նաև այլ գանձեր՝ Բաշինջաղյան-Հովնաթնյան վրձինների անզուգական գույներն ու հայկական որմնանկարչության մի ամբողջ հավաքածու: Մասնագետները վստահեցնում են, որ այսօր նույնիսկ Հայաստանում դժվար է գտնել մի այդպիսի եկեղեցի, որն ամբողջությամբ զարդարված լինի այդքան արժեքավոր որմնանկարներով: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ով ամեն օր հետևում էր Երևանի որմնանկարների վերականգնման կենտրոնի՝ Իտալիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետների աշխատանքներին, պատմում է, որ ամեն օր եկեղեցու պատերի դարավոր շերտերի տակից մի նոր հրաշք էր հայտնաբերվում: Նախապես 220 քմ տարածքով որմնանկարներ վերականգնելու տրամադրվածությամբ աշխատանքային խումբն անակնկալի է եկել, երբ պարզվել է, որ դարերի ընթացքում կատարված անհաջող վերանորոգման, երբեմն էլ թեթև հարդարանքների արդյունքում սվաղի ու գունազարդման տակ թաքնված են իրական գանձեր՝ Հովնաթանյանների, Բաշինջաղյանի նկարազարդումները, հայկական զարդարվեստի հազվագյուտ նմուշներ, որոնք իրականում ընդգրկում են ոչ թե 220 քմ տարածք , այլ շատ ավելի՝ այսինքն եկեղեցու ողջ տարածքը: Այդ գանձերը հնարավորինս ճիշտ մշակելու և պահպանելու գործն անթերի իրականացնելու նպատակով Թբիլիսի է հրավիրվել նաև իտալացի մասնագետ: Թբիլիսիի «Հայոց Մարգարիտն» այժմ արդեն այնքան անթերի տեսք ունի, ինչպես XIII դարում էր: Երբ օտարերկրյա զբոսաշրջիկները հարցնում են, թե ինչ եկեղեցի է սա, նույնիսկ վրացիները՝ հայկական առոգանությամբ, պատասխանում են. «Սուրբ Գևորգ»:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված այդ թաղամասում իր անմահ երգերը հնչեցրած աշուղ Սայաթ-Նովան, տաճարի պատերին իր անջնջելի հետքերը թողած գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, նշանավոր հայազգի զորավարներ Լորիս-Մելիքովը, Արզաս Տեր-Ղուկասովն ու այլք: