ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

2018-03-29T16:01:18+00:00 February 24th, 2016|Երեվան, Լրահոս, Հուշարձաններ|

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին պատմող «Հիշողության վկաներ» լուսանկարների շրջիկ ցուցահանդեսն այս անգամ բացվել է Երևանի Ռուբեն Սևակի անվան 151-րդ հիմնական դպրոցում: ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահպանվող լուսանկարները դպրոցականները ներկայացրել են «Պատմական հայրենիք` դու քարե աղոթք, դու քարե հիշողություն…» խորագրով:

Բացման խոսքով հանդես է եկել դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Վարդիթեր Ասլանյանը.« Հայ ժողովուրդը բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդ է, իսկ այդ մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում հայկական ճարտարապետությունը: Հատկապես լավ են պահպանվել եկեղեցիները, մինչդեռ բերդերը, ամրոցները, այլ շինությունները կիսավեր վիճակում են: Հայտնի է, որ մեր պատմության ընթացքում մշակույթը վերեք է ապրել հատկապես այն ժամանակ, երբ պետականություն ենք ունեցել: Այստեղ ներկայացված լուսանկարներում հիմնականում Բագրատունյաց ժամանակաշրջանին վերաբերող հուշարձաններ են, որոնք վկայում են մեր մշակույթի և ազգային ճարտարապետության վերելքի մասին»:

Լուսանկարների ցուցահանդեսն ուղեկցվել է բաց դասով: Բարձր դասարանների աշակերտները նախ ծանոթացել են լուսանկարներին, ապա՝ յուրաքանչյուրը պատրաստել մեկական հուշարձանի վերաբերյալ տեղեկություն: Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչները փաստել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են դպրոցականների՝ հայական մշակույթի վերաբերյալ գիտելիքների հարստացմանը: «Հայկական մշակույթի վերաբերյալ բավականին լավ նյութ կա և´ դասագրքերում, և´ համացանցում, աշակերտները երկու աղբյուրից էլ օգտվել են: Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են պատանիների շրջանում հայկական ճարտարապետության ավելի մատչելի ներկայացմանը»,-ասել է հայոց պատմության ուսուցչուհի Վարդիթեր Ասլանյանը:

Մյուս ուսուցչուհու՝ Աղավնի Բաղդասարյանի խոսքով. «Նման նախաձեռնություններից աշակերտները ոգևորվում են, հաճախ բաց դասի թեման համընկնում է ուսումնական ծրագրին, ինչը նպաստում է նյութն ավելի հետաքրքիր դարձնելուն և մատչելի ընկալելուն: Երեխաները նախապես ծանոթացել են լուսանկարների ցուցադրությանը ապա ինքնուրույն աշխատել տվյալ հուշարձանի մասին համառոտ տեղեկության պատրաստման վրա»:

Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները Ռուբեն Սևակի անվան 151-րդ հիմնական դպրոցում կցուցադրվեն երեք օր: