ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

2018-03-29T15:57:42+00:00 February 29th, 2016|Կոտայք, Լրահոս, Հուշարձաններ|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Կոտայքի մարզում տեղակայված N զորամասում, իրականացվել է Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Բանակ-կրթություն-մշակույթ եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացված միջոցառմանը մասնակցել են մարզային ծառայության աշխատակիցները և 60-ից ավելի զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես է եկել զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Գ. Զաքարյանը, իսկ շնորհավորական խոսքով` ՊՄՊ ծառայության պետ Կ. Հակոբյանը: Այնուհետև՝ ՊՄՊ մասնաճյուղի գիտաշխատող Ա. Սեդրակյանը հանդես է եկել «Կոտայքի մարզի քարեղեն ժառանգությունը» զեկուցումով, որին զուգահեռ սլայդ ցուցադրությամբ ներկայացվել են մարզի հուշարձանների (ժայռապատկերներ, քարայր-կացարաններ, վիշապաքարեր, բնակատեղիներ, դամբարանադաշտեր) լուսանկարները: Նյութն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ և վերածվել ակտիվ հարց ու պատասխանի:

Միջոցառման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության մշակած նյութը, հուշարձաններին վերաբերող լուսանկարները և Էմմա Խանզադյանի, Բաբկեն Առաքելյանի ու Ալեքսանդր Սահինյանի հիշատակին նվիրված «Հայկ» կինոստուդիայի 2 մասից կազմված «Արևի տաճար» վավերագրական ֆիլմի խտասկավառակները նվիրվել են զորամասին` որպեսզի զինծառայողները հուշարձանների վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկություն ստանալու հնարավորություն ունենան:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել մարզի պատմամշակութային հուշարձանների տարածքներում համատեղ արշավներ և էքսկուրսիաներ: