ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

2018-03-29T16:00:42+00:00 29/02/2016|Վայոց Ձոր|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը փետրվարի 27-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ` տեղում ծանոթացել հուշարձանների պահպանությանը, ուսումնասիրել առկա խնդիրները, քննարկել աշխատանքային ու կազմակերպչական հարցեր:

Պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում Վայոց Ձորի մարզից 1202 հուշարձան կա ընդգրկված, շուրջ 50-նն էլ` նորահայտ հուշարձանների ցանկում է: Մարզն ունի նաև առավել վտանգված 25 հուշարձան` Արատեսի վանական համալիր /պետ ցուցիչ`9.29.1.1/, Հերմոնի վանք /պետ. ցուցիչ` 9.21.17/, Զորաց եկեղեցի /պետ. ցուցիչ` 9.21.11/, Սուրբ Աստվածածին եկեղեցի / պետ. ցուցիչ`9. 21.9. / և այլն:

Վլ. Պողոսյանը ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի, պետի տեղակալ Արթուր Սարգսյանի, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց վանական համալիրների տարածքներ, ծանոթացավ առկա խնդիրներին:

Մարզում վանական համալիրներից բացի նաև մի քանի հազար ժայռապատկերներ կան, որոնք ընդգրկված չեն հուշարձանների պետական ցուցակում և ուսումնասիրության կարիք ունեն: 2016 թ. ընթացքում այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ են նախատեսվում:

Հերմոն համայնքում գյուղապետարանի հարակից տարածքը ոչ վաղ անցյալում վերանորոգվել ու գույքով համալրվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդի ֆինանսական աջակցությամբ: Պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում թեմի առաջնորդը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել նաև ՊՄՊ մարզային ծառայությանը: Համայնքի հաշվեկշռում գտնվող ու վերանորոգված շուրջ 80 ք.մ. վերոնշյալ տարածքը` հարուստ գրադարանով, որոշվեց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությանը: Աշխատանքային պայմանների ստեղծումն էապես կնպաստի այս տարածաշրջանում հուշարձանների պահպանությանը, խնդրի դեպքում` արագ արձագանքմանը:

ՊՈԱԿ-ի տնօրենի այցի ընթացքում քննարկվել են նաև հուշարձանների պահպանությանը և հանրահռչակման խնդրին առնչվող այլ հարցեր: