ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Դիլիջանի մասնաճյուղ /պետ. ցուցիչ` 10.3.5/

Թանգարանը 1979թ hիմնադրել է Հովհաննես Շարամբեյանը.: Սկզբնապես տան սեփականատերն էր թիֆլիսահայ իշխանուհի Մարիամ Թումանյանը, որը XIX դ. երկրորդ կեսին առավելապես հայտնի էր արվեստի գործիչներին հովանավորելու իր պատրաստակամությամբ: Տունը իշխանուհու համար կառուցել է թիֆլիսահայ Սամսոն Բեկ-Հարությունյանը (1896թ.), որը գտնվում է Աղստև գետի ձախ ափին:

Ըստ էության, հանդիսանալով տան վերջին բնակիչը, վաստակավոր գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանը այն վերածում է ժողովրդական արվեստի թանգարանի Նա, ցուցաբերելով նպատակադիր գործունեություն, կարճ ժամանակահատվածում իր շուրջն է համախմբում է Դիլիջանի երիտասարդ նկարիչներին, փայտարվեստի վարպետներին, գորգագործներին, ասեղնագործուհիներին և զարգացնում դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերը: Այդ ընթացքում համալրվում է թանգարանի ֆոնդային ցանկը՝ շնորհիվ Հովհաննես Շարամբեյանի նվիրական գործունեության: Հովհաննես Շարամբեյանը թանգարանին է նվիրում իր հավաքածուն, որի գործերը կազմում են թանգարանի ֆոնդային ցանկի պատկառելի մասը: Հիմնադրումից մինչ այսօր մշտական ցուցադրության են ներկայացվում արհեստավարժ և ինքնուս վարպետների ստեղծագործություններ՝ փայտարվեստ, խեցեգործություն, ժանյակագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, կարպետներ և տարատեսակ կենցաղային իրեր:

Տան բաց պատշգամբը պարբերաբար օգտագործվում է ցուցահանդեսներ կազմակերպելու համար` դառնալով արվեստի գործիչների ամենանվիրական վայրերից մեկը: Այդ պատշգամբում ժամանակին հյուրընկալվել են Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Լևոն Շանթը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ազնիվ Հրաչյան և այլք: Այսօր էլ յուրաքանչյուր այցելուի համար, ինչպես թանգարանը այնպես էլ պատշգամբը քաղաքի նախընտրելի վայրերից է: