«Արփի» բնապատմական արգելոց
Վայոց Ձորի մարզ, գ. Արենի
«Արփի» բնապատմական արգելոցը կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Գտնվում է Վայոց Ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի – Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում: Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները: Կիրճի ընդհանուր ձգվածությունը հյուսիսից-հարավ կազմում է 8 կմ: Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:
«Արփի» բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:
Բարձրագույն ժայռերով շրջապատված վանական համալիրի մեջ են մտնում Ս. Կարապետ անունը կրող եկեղեցին, որի նախնական շինությունը կառուցվել է IX դարում: Համալիրի մեջ են մտնում նաև Ս. Ստեփանոս եկեղեցին ու նրա գավիթը (XIII դ.), Ս. Գրիգոր Լուսավորիչ դամբարան-եկեղեցին (XIII դ.) և վանական այլ շինություններ: Նորավանքի և ընդհանրապես Օրբելյանների շինարարական աշխատանքների թագը իրավամբ համարվում է Մոմիկ ճարտարապետի հանճարեղ ստեղծագործությունը` Ս. Աստվածածին-Բուրթելաշեն երկհարկ եկեղեցի-դամբարանը (1339թ.) ու մեծանուն վարպետի ձեռագործ խաչքարերը: Համալիրում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1988-1999 թթ.:
Համալիրը 2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Արենի
Արգելոցի աշխատանքային օրերն ու ժամերը`
Երեքշաբթի-շաբաթ, 9-17.30:
Կիրակի` 9-15.30
Հանգստյան օրը` երկուշաբթի:
Էլ. Փոստ` [email protected]