Սմբատաբերդ ամրոցը, ամենայն հավանականությամբ, գոյություն է ունեցել V դ․ առաջ։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։
Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան Սմբատ թագավորը, որը գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ այն կոչվել է X դ․ ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով:
IX դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։ Այն ամրակայվել է Օրբելյանների շրջանում (XIII-XV դդ․.), սակայն XVII դ․ ամբողջապես ավերվել է և լքվել՝ Շահ-Աբբասի, ապա թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։
Ամրոցը, կառուցվել է միջնադարյան բերդաշինության կանոններով՝ նախատեսված լինելով երկարատև պաշտպանության համար: Ընդհանուր երկարությունը մոտ 1 կմ է:
Սմբատաբերդ ամրոցը արևելյան և հարավային կողմերից եզերված է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով: Մատչելի է միայն հյուսիսային կողմից, որը ամրացված է պարիսպներով:
Ամրոցն ունի կիսաբոլոր աշտարակներով հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտաքարերով՝ կրաշաղախով, սեպի սուր ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2-3 մ է։ Պարիսպների ներսում՝ նրանց ամբողջ երկարությամբ գտնվող բնակելի շենքերը կառուցվել են բազալտե քարաբեկորներով ու ցեխով․ բոլորն էլ ավերված վիճակում են։
Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է եղել, մեկական մուտքեր էլ՝ արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված են բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով, սրահի տանիքին եղել են պահակատներ ու դիտանոցներ:
Ամրոցը մի ընդհանուր պատով բաժանված է հարավային և հյուսիսային մասերի. երկու մասերում էլ եղել են միջնաբերդեր, բնակելի շենքեր և ջրի ավազաններ։ Հարավային մասում բնակելի շենքերը միայն միջնաբերդում են եղել:
Սմբատաբերդի ջրամատակարարումն իրականացվել է կավե խողովակներից բաղկացած ջրմուղի միջոցով։ Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին:
2011թ. Սմբատաբերդում իրականացվել են մասնակի վերականգնման աշխատանքներ:
«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը 2018 թ․ գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղ։