«Բերդ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 18-ի N 541-Ն որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Արգելոցը ստեղծվել է «Տավուշի պատմության և կենցաղի թանգարանի» հիմքի վրա, որը հիմնադրվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. հուլիսի 15-ի հրամանի համաձայն՝ որպես Հայաստանի ազգագրության պետական թանգարանի (ՀԱՊԹ) Տավուշի (Շամշադինի) մասնաճյուղ: 1995թ. մայիսի 1-ից, համաձայն ՀՀ մշակույթի նախարարության ապրիլի 17-ի N 55 հրամանի, մասնաճյուղը առանձնացվել է ՀԱՊԹ- ից և դարձել ինքնուրույն թանգարան՝ «Տավուշի պատմության և կենցաղի թանգարան» անվամբ և 1997 թ. հունվարից դարձել Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույց: Նկատի ունենալով մշակութային այս օջախի կարևորությունը, ինչպես նաև պատմամշակութային ու հնագիտական կարևոր գոտում գտնվելը, 2012 թ.- ին Բերդի համայնքապետարանը առաջարկեց այն հանձնել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ – ին :
«Բերդ» պատմամշակութային արգելոցը (տարածքը 12.9909 հեկտար) գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին՝ պատմամշակութային հարուստ շերտի վրա, ամրոցների ու հնավայրերի հարևանությամբ: Արգելոցի տարածքում են գտնվում Տավուշ և Բերդ ամրոցները, մի քանի մատուռ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, սրբատեղիներ և այլն:
Տավուշ բերդը, կամ ինչպես այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի բերդը, առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որն ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Տավուշի բերդը IX-X դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատունի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին։ XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշն աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։
Տավուշի բերդը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
1966-1968 թթ. Բերդ ամրոցի դամբարանադաշտում պեղումներ է իրականացրել Ստեփան Եսայանը, իսկ 1980-ական թվակաների վերջերին Տավուշի ամրոցի տարածքում պեղումների փորձեր է կատարել հնագետ Հայկ Եսայանը, որը մնացել է անավարտ: 2014 թ. հոկտեմբերին ամրոցի ստորոտում գտնվող քարայրներում ուսումնասիրություներ է սկսել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ: «Տավուշի պատմության և կենցաղի թանգարանն» իր մեջ ամփոփում է Տավուշի բնակչության անցյալին ու ներկային վերաբերող պատմական, հնագիտական ու ազգագրական նյութեր՝ մասնավորապես տարածաշրջանի հնագիտությունը, հոգևոր ու նյութական մշակույթը, երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները և այլն: 2017 թ-ին թանգարան է տեղափոխվել «Դիլիջանի ժողովրդական ճարտարապետություն» արգելոց-թանգարանի հավաքածուի շուրջ 800 պատմահնագիտական առարկա, որոնք համալրել են հիմնական ցուցադրությունը: Թանգարանում առանձին տեղ են գրավում երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտին վերաբերվող նյութերը: