ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԺԱՆՅԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ՌԴ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԺԱՆՅԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԵՆ ՌԴ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ

2017-11-30T15:30:54+00:00 30/11/2017|Լրահոս|

Մոսկվայի  Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի  նախաձեռնած «XV գիտական ընթերցումներ նվիրված  Վիկտոր Վասիլենկոյի հիշատակին» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարնների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  գիտահետազոտական բաժնի վարիչ  Կարինե Բազեյանը:  Խորհրդաժողովի մասնակիցների  թվում  եղել են Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ  և արտասահմանյան տարբեր երկրների 70  մասնագետներ` պատմաբաններ, վերականգնողներ, արվեստագետներ, անկախ հետազոտողներ:

«Ռուսական ոճ. ազգային ինքնության փնտրտուքներում» խորագիրը կրող միջոցառման  զեկուցումները վերաբերել են դեկորատիվ-կիրառական արվեստում և դիզայնում առկա ազգային ավանդույթներին, թանգարանային առարկաների որոշարկման ու վերականգնման, գեղարվեստական արհեստագործության պահպանման ու զարգացման հարցերին, ինչպես նաև XXI դարում դեկորատիվ արվեստի, նորաձևության ու դիզայնի ցուցադրության  կազմակերպման հիմնախնդիրներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանի` «Հայկական ժանյակ. ավանդականն ու նորը»  զեկույցը ուղեկցվել է  լուսապատկերային  ցուցադրությամբ:  Նա  խոսել է հայկական ասեղնագործ ժանյակների առանձնահատկությունների, ավանդական զարդահորինվածքների և զարդահամալիրների մասին,  համեմատել  դրանք ժամանակակից   ժանյակների հետ: Կարինե  Բազեյանը  ներկայացրել է  ժողովրդական վարպետ Լենա Գորգինյանի ասեղնագործ  ժանյակները, որոնք առանձնանում են նոր մեկնաբանությամբ և շատ ընդհանրություններ ունեն հայկական խաչքարերի հետ: