«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է  գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի` «Հայաստանիս հոգևոր կանթեղները» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։

 

Լ. Ներսիսյանի բնապատկերներում ուրույն տեղ ունեն մեր պատմամշակութային հուշարձանները։ Նրա կտավներին բնորոշ են գարնանային արևոտ գույները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ արգելոց-թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի նպատակը կերպարվեստի ներկայացուցիչների և մշակութային ժառանգության միջև  յուրօրինակ «երկխոսություն» ձևավորելն է:

Ի դեպ, նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվեն նաև մյուս արգելոց-թանգարաններում:

«Լեմս Ներսիսյանը ինքնատիպ ձեռագիր ունեցող արվեստագետ է: Իր կտավներում նա ցայտուն գույներով է ներկայացնում մեր մշակութային հարստությունը: Լ. Ներսիսյանը տարբերվում է նաև իր մանկավարժական գործունեությամբ: ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորը ոլորտի նվիրյալներից է: Մեծ պատիվ է Ձեր աշխատանքները ցուցադրել մեր արգելոց-թանգարանում», -բացման խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Իսկական արվեստագետին հատուկ համեստությամբ Լ.Ներսիսյանը կարճ խոսեց:

«Նկարչի փոխարեն խոսում են նրա աշխատանքները: Մեր ուսանողներին ծանոթացնում ենք հայկական դարավոր մշակույթին, հույս ունենալով, որ այն հետո իր հետքը թողնի նրանց ստեղծագործություններում: Առաջիկայում կփորձենք համատեղ ցուցահանդես կազմակերպել», -ասել է արվեստագետը:

Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են ՌԴ-ում, ԱՊՀ-ում, Եվրոպայում, Անգլիայում, այլուր: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս։

Ցուցահանդեսի բացմանը հոգևոր երգերի հրաշալի կատարումներով  ելույթ ունեցավ «Զվարթնոց» կվարտետը:

Հեղ. Մ. Ավանեսյան