«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ

2018-10-22T14:35:22+00:00 19/10/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ հին ու նոր Երևանի վավերագրերի յուրօրինակ ցուցադրություն է բացվել «Մետրոնոմ» կենտրոնում։ Երևանի 2800 ամյակին նվիրված «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես  Վրույրի` ապակե  սևանկարներից  արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության  թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնցից  ամենահինը` Երևանի բերդի և Ձորագյուղի ընդհանուր տեսարանը պատկերող լուսանկարն է /1885թ./։

ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի կազմակերպած ցուցահանդեսի  60-ից  ավելի լուսանկարները  պատմում են հին ու նոր  Երևանի  ճարտարապետական դիմագծի,  նշանավոր  անձանց  մասին։

Ցուցահանդեսը բացվել է Հին Երևանի մասին պատմող ֆիլմով, որն  ուղեկցվել  է  Շառլ Ազնավուրի կատարումներով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի առաջարկով միջոցառման մասնակիցները  ոչ  թե  մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով են հարգել մեծ հայի ու շանսոնյեի հիշատակը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Նազենի Ղարիբյանը։ Ողջունելով միջոցառման նախաձեռնությունը Ն․ Ղարիբյանն անկեղծացել է` «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը իրեն տեղափոխել է մանկություն։

«Եթե մենք կարողանայինք պահպանել հին Երևանի ամբողջական կենտրոնը, պահպանել հին կառույցների արտաքին տեսքը և ձևափոխել միայն ներսը, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում կա հին կենտրոն հասկացությունը, ապա մենք էլ այսօր կունենայինք դարերի շունչը, հոգին պահպանած հին քաղաք, որը ցավոք չկա», -նշել է Մշակույթի նախարարի տեղակալը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով ցուցահանդեսում ներկայացված են Հին Երևանի մասին վկայող հրաշալի վավերագրեր:

«Մենք  ցանկացել ենք  հին Երևանի վավերագրերը մեր բնակչությանը ավելի հասանելի  դարձնել  ցուցադրության միջոցով ոչ թե թանգարաններից մեկում, այլ դուրս ենք բերել հանրային վայր` նպատակ ունենալով ավելի մոտ լինել հասարակությանը։ Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա տեսնել  2800-ամյա Երևանը, նրա ճարտարապետական դիմագիծը, ինչպես Սևակն է բնորոշել՝ քարե նազանքը, ուզում ենք այդ նազանքի բոլոր նրբերանգները ցույց տալ այսօրվա երիտասարդներին», -ասել է Արա Թարվերդյանը։

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով էլ  թանգարանում պահպանվում է Երևանի 15․ 000 լուսանկար, որոնք թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը և հավաքածուն մշտապես համալրվում է։

«Քանդվել են Երևանի բազմաթիվ եկեղեցիներ, օրինակ Պողոս-Պետրոսը, որի միայն լուսանկարն է պահպանվել, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ռուսական Սուրբ Աննայի եկեղեցին, որը եղել է Ստեփան Շահումյանի արձանի տեղում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղում էլ կառուցված է եղել  Գետցեմանի մատուռը /թվագրված 12-րդ դարով/: Ցավոք այսօր այդ կառույցները չկան։ Իհարկե բազմաթիվ այլ շենքեր էլ քանդվել են տարբեր քաղաքաշինական նախագծերի ընթացքում։ Մեր քաղաքի դիմագիծն անընդհատ փոխվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչը բնորոշ է բոլոր քաղաքներին»,-նշել է Ա․ Սարգսյանը։

Ցուցադրությանը զուգահեռ իրականացվել է նաև հետաքրքիր ֆլեշմոբ, որի ընթացքում հայտնվել է Ալեքսանդր Թամանյանի խորհրդանշական կերպարով երիտասարդ, շրջել ժողովրդի մեջ, լուռ նայել հին Երևանի լուսանկարները՝  ճանապարհին հանդիպելով անցորդներին,  ծաղիկներ բաժանող Կարա Բալային ու ջուր ծախող տղային։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող, հին ու նոր Երևանի մասին պատմող 25 գրքերի: Դրանցից ամենահինը`«Երևան» տպագրվել է 1948 թ.:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 23-ը։