ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՆՏ ՇԱՊԵԼԻ ԵՎ ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՆՏ ՇԱՊԵԼԻ ԵՎ ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը հյուրընկալել էր գիտության, ճարտարապետության  ոլորտի մասնագետների, ԱԺ պատգամավորների, ՏԻ մարմինների ներկայացուցիչների  ու մշակույթի նվիրյալների։  Առիթը՝  «Սենտ Շապելի հարթաքանդակը  Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագիրը կրող միջոցառումն  էր։ 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը ողջունելով  հյուրերին  ասել  է, որ հաջորդ  տարի նախատեսվում է մեծածավալ աշխատանք  իրականացնել  «Զվարթնոց»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում։

«ՊՈԱԿ-ը  առաջնային է համարում հուշարձանի ամբողջական կոնսերվացիան։ Նկատի ունենալով, որ այն ընդգրկված  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը՝ մասնագետներ հրավիրել  ՅՈՒՆԵՍԿՕ-ից այդ աշխատանքների կազմակերպման համար։ Հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից  արձագանքը շատ չի  ուշանա և արդեն  հաջորդ  տարեսկզբին կազդարարենք մեր ընդգրկուն ծրագրի սկիզբը։ Նաև Զվարթնոց հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր ենք դրել մեր առաջ։ Նախատեսում ենք ցուցադրությունը փոխել, հուշարձանի եռաչափ մոդելավորումը ունենալ», -բացման խոսքում ասել է Խորեն Գրիգորյանը։

Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի որդին, Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի համոզմամբ էլ Զվարթնոցը  ուշադրության կարիք ունի և միջոցառումն էլ  այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է։

Հարություն Մարությանը ներկայացրել է անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի՝ Զվարթնոցի ու Սենտ Շապելի առնչություններին վերաբերող գիտական աշխատությունը /լույս է տեսել 1959 թ․/։ Տիրան Մարությանը իր գիտական գործունեության զգալի մասը նվիրել է Զվարթնոց տաճարի ուսումնասիրությանը և համոզված է եղել, որ Սենտ Շապելի հարթաքանդակի կառուցման ակունքներում Զվարթնոցն է եղել։

Հարություն Մարությանի խոսքով վերջերս իրեն բախտ է վիճակվել լինել Սանտ Շապելում, տեսնել հայկական ու ֆրանսիական մշակույթը մեկտեղած հուշարձանը։

«Օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են գալիս Փարիզի կենտրոնում գտնվող Սենտ Շապել և  նրանք  չգիտեն  երկու երկրների մշակութային առնչությունների մասին։ Եթե կարողանանք ֆրանսերենով  գիտական ու մատչելի լեզվով /ծալաթերթի միջոցով/  մատուցել, որ կա գիտական հիմքեր ունեցող բացատրություն՝  հրաշալի կլինի։ Դա հետևողական աշխատանք է պահանջում  և կարծում եմ պետք է կյանքի կոչել։  

Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրել է նաև այլ գիտնականների տեսակետներ։

Արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում  էլ  տեղի  է  ունեցել  Սենտ-Շապելի հարթաքանդակներից  մեկի՝ կրկնօրինակ  ցուցանմուշի  բացման արարողությունը /պատվիրատու՝  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ/։

Քանդակագործ Վիգեն Ավետիսն իր խոսքում նշել է, որ շատ կարևոր նախաձեռնությանը միացել է պատահական։ Երկու ամսվա ընթացքում կարողացել է ավարտին հասցնել  ցուցանմուշը և հուսով է, որ այն հետագայում տեղ կգտնի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցադրության մեջ։

Ցուցադրությունը կգործի երկու ամիս։