«ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ» ԾՐԱԳՐՈՎ ՃԱՄԲԱՐ-ԿԱՅԱՆԱՏԵՂԻ` «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ» ԾՐԱԳՐՈՎ ՃԱՄԲԱՐ-ԿԱՅԱՆԱՏԵՂԻ` «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է, ինչ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ստեղծված ճամբար-կայանատեղիները հյուրընկալում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կամավորների: Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի 11 եւ հայաստանցի 4 կամավորները հուլիսի 9-22-ը կանցկացնեն ճամբար-կայանատեղիում: Գործակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011թ. Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի /ծրագրի հայաստանյան համակարգող/ եւ ՊՈԱԿ-ի միջև։

Ճամբարականները երեկ հյուրընկալել էին ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանին: Հանդիպումն անկաշկանդ էր ու անկեղծ:

«Հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր իրենց ժամանակը տրամադրում են պատմամշակութային ժառանգությունը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու կարեւոր գործին: Համոզված եմ, որ այն, ինչ տեսաք այստեղ, կտանեք ու կներկայացնեք ձեր երկրում»,- իր խոսքում նշեց Ա.Փիլիպոսյանը:

Հյուրերը տպավորություններ փոխանակեցին: Այս մի քանի օրերի ընթացքում նրանք հասցրել են լինել տեսարժան շատ վայրերում, այցելել են` Մատենադարան: Առաջին էքսուրսն անշուշտ եղել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ու տաճարի տարածքում: Երիտասարդներին ներկայացվել է հայկական դարավոր մշակույթի ամենավառ ժառանգության մի մասնիկը: Ճամբարականներից ամենաավագը` 63- ամյա Շանթալ Շոմենը նշեց, որ հիացած է հայկական մշակույթով ու լավ գիտի իր երկրի` Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի պատմությունը: Ճամբարականները մասնակցել են նաեւ «Զվարթնոց տաճարի» տարածքի բարեկարգման աշխատանքներին:

Կամավորներին մեր ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով հուլիսի 17-ին, ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման ու մարքեթինգի բաժնի գիտական աշխատող Մելինե Մովսիսյանի նախաձեռնությամբ, կկազմակերպվի «Խոսենք մեր ազգային խորհրդանշանների լեզվով» խորագիրը կրող հեղինակային միջոցառումը: Միջոցառման օրը թանգարանի մուտքի մոտ կտեղադրվեն 2 պաստառներ: Դրանցից մեկի վրա կգրվի ողջույնի խոսք աշխարհի մի շարք լեզուներով, իսկ մյուսի վրա կներկայացվի տեղեկույթ ՀՀ ազգային և պետական խորհրդանշաններից յուրաքանչյուրի մասին:

Թանգարանի նախասրահում կտեղադրվեն ծրագրի մասնակիցների երկրները ներկայացնող 3-ական ցուցավահանակներ, որոնց վրա կպատկերվեն տվյալ երկրի զինանշանը, պետական դրոշը, տեղեկատվություն կլինի դրանց խորհրդանշական մեկնության ու հեղինակների, երկրի անվան ստուգաբանության մասին, ինչպես նաև կփակցվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում ընդգրկված` համապատասխան երկրի նշանավոր պատմամշակութային հուշարձանները ներկայացնող լուսանկարներ:

Ի դեպ, կամավորներն այսօր ներկա կգտնվեն «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում անցկացվող երկու` հայ-ավստրիական բարեկամության շրջանակում, ինչպես նաեւ հայ-իտալական բարեկամության շրջանակում կազմակերպված համերգներին: