ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Գ. ՈՍԿԵՊԱՐ ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ /ՊԵՏ. ՑՈւՑԻՉ 10.49.10/

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Գ. ՈՍԿԵՊԱՐ ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ /ՊԵՏ. ՑՈւՑԻՉ 10.49.10/

VII դարի կենտրոնագմբեթ խաչաձև Ս.Աստվածածին եկեղեցին տեղադրված է Ոսկեպար գյուղի հանդիպակաց բլրի թեքադիր լանջին` նույնանուն գետակի ձախ ափին: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 735 մ բարձրության վրա:

Ճարտարապետական մտքի ինքնատիպությամբ օժտված եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը հեղինակել է բանահավաք Ս. Քամալյանը, որը 1884թ. նշել է «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, տաճար խաչաձև, ներքուստ սրբատաշ քարով. Ունի կաթուղիկէ նորաշէն…»:

Ավելի ուշ շրջանում եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունների քննությամբ զբաղվել են Ս. Տեր-Ավետիսյանը, Ա. Յակոբսոնը, Գ. Շախկյանը, Պ. Կունեոն, Մ. Հասրաթյանը և այլք: Բոլոր հետազոտողներն էլ համակարծիք են, որ այն հիմնադրվել է VII դարում: Հուշարձանը, որը Մաստարայի տիպի եկեղեցիների փոքրաչափ օրինակներից է, կանգուն է և պահպանվել է ամբողջական վիճակում: Աղոթասրահը քառակուսի է (5.4*5.4 մ)` պսակված ներսից և դրսից ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Անցումը քառակուսի հիմքից գմբեթի բոլորակ թաղին իրականացված է երեք շարքում տեղադրված տրոմպների միջոցով: Միաչափ կիսաշրջանաձև խորաններով են ավարտվում խաչաթևերը, որոնց կորության կենտրոնը 65 սմ ետ է ընկած ճակատային գծից: Խաչաթևերից երեքը արտաքինից ուղղանկյուն են, ի տարբերություն այդ տիպի մյուս հուշարձանների (օր.` Արթիկինը հնգանիստ է): Ավագ խորանին երկու կողմից կից են արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագծով ավանդատներ` ծածկված կիսագլանաձև թաղով: Դրանք փոքր-ինչ դուրս են գալիս արևելյան ճակատային հարթությունից` զատվելով հիմնական ծավալից, որոնք նաև զգալիորեն ցածր են ավագ խորանից: Մուտքերը արևմտյան և հարավային կողմերից են` պսակված զույգ կիսասյուների վրա բարձրացող կամարակապ ճակտոններով, որում առկա են տիմպանների ուղղանկյուն խորշեր, իսկ դրանցում փորված են ծաղկուն խաչեր: Թմբուկի նիստերը մշակված են անկյունային մասերի զույգ կիսասյուներից բարձրացող զարդակամարաշարով: Պատուհաններն ունեն վաղ միջնադարին ներհատուկ պարզ հորինվածքի պսակներ: Եռաթերթ տերևների շարքով է ձևավորված արևելյան պատուհանի պսակը: Համանման մոտիվ՝ գալարուն ցողուններով միավորված, ունեցել է նաև նախնական քիվը, որից միայն առանձին բեկորներ են մնացել: Պատերը նստած են որմնախարսխի վրա, արևելյան և հարավային ճակատներում երևում են երկուական աստիճաններ, մյուսներում՝ մեկական: Եկեղեցու վեղարը ութանիստ բուրգ է՝ ծածկված քարե սալերով:

Կառուցված է բաց շականակագույն ավազաքարի սրբատաշ խոշոր քարերով, որոնց մի մասը ժամանակի ընթացքում հողմահարվել է: Պատերը ներքուստ եղել են սվաղված: Հուշարձանը նորոգվել է 1975-1977թթ., որի ժամանակ նորացվել են տանիքների ողջ ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը:

Մաստարայի տիպի մնացած բոլոր եկեղեցիները գտնվում են պատմական Շիրակի սահմաններում: Ոսկեպարի գտնվելը Գուգարաց նահանգի Կողբափոր գավառում ցույց է տալիս, որ եկեղեցական շենքերի այդ տիպը չի սահմանափակվել Շիրակի ճարտարապետական դպրոցի ավանդույթների շրջանակներում:

Գրականություն
1. Առաքելյան Բ, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, 1949:
2. Մ. Հասրաթյան, Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետությունը, Մոսկվա, 2010,
3. Тер-Аветисян С. В., Заметка о Воскепаре и Киранце. Материалы по истории Грузии и Кавказа, вып. XX, М.-Л., 1948.