ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է 28 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է 28 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

2015-04-20T17:29:43+00:00 20/04/2015|Լրահոս|

Սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մարզի 20 համայնքների 28 հուշարձանների տարածքներում, ապա կանաչապատման աշխատանքներ են կատարվել: Աշակերտների և զինծառայողների համար ընթերցվել են պատմաճանաչողական դասախոսություններ:

Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները զինծառայողների համար հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված բաց դաս են անցկացրել Կարբիի՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հուշարձանի տարածքում: Ներկայացվել են մարզի հուշարձանները, դրանց կարևորությունը, անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանություն տարիներին իրականացված մշակութային եղեռին:

Ամբերդի հուշարձանի շրջակա տարածքում 50 մշտադալար ծառատեսակ է տնկվել: Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության և Ուջանի համայնքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ են իրականացվել Զորավար «Անդրանիկ»-ի հուշարձանի տարածքում:

Ապարանի դպրոցականների մասնակցությամբ մաքրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված Ռ. Իսրայելյանի «Վերածնունդ» հուշարձանի տարածքը: Օրվա թեմայով նաև բաց դաս է անցկացվել աշակերտների համար:

Միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 760 աշակերտ, ՊՆ երկու զորամասի 50 զինծառայող և համայնքների բնակիչներ:

Հուշարձանների մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողները հետագայում կպարգևատրվեն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորհակալագրերով: