ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ

2017-01-11T12:17:02+00:00 03/11/2016|Լրահոս|

Երևանում անցկացվել է «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք, որն իրականացվել է Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրին 2014-2015թթ․ մասնակցած «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանի, Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի նախաձեռնությամբ։ Բրիտանական թանգարանի ֆինանսավորմամբ իրականացված եռօրյա ծրագիրը տարածաշրջանում այդ ձևաչափով անցկացված առաջին միջոցառումն է, որը նախաձեռնող մի շարք կազմակերպությունների թվում է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով եռօրյա դասընթաց-վարժանքին մասնակցել են Մանչեստրի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի, «Գլազգոյի թանգարաններ» ռեսուրս կենտրոնի, «Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ» կենտրոնի փորձագետները, ինչպես նաև Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի մասնակիցներն ու Հայաստանի թանգարանների 16 ներկայացուցիչներ։ Նրանց թվում է եղել նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը, ում նախաձեռնությամբ Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի համակարգող Նայջել Թալիսը այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, հանդիպել ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի հետ։ Վերջինս Նայջել Թալիսին ներկայացրել է արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը, խոսել Մեծամորի հնավայրում կատարված պեղումների մասին։

Ծրագրի մասնակիցներն այցելել են «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, որտեղ նրանց համար էքսկուրսիաներ են կազմակերպվել։
«Թանգարան, կրթություն և ներգրավում» ծրագրի նպատակը թանգարաններ այցելություններն ավելի ակտիվացնելն է՝ այդ նպատակով օգտագործելով միջազգային և տեղական փորձը։
Ավարտին մշակվել են համատեղ ծրագրեր։

Բրիտանական թանգարանի վերապատրաստման ծրագրին Հայաստանը մասնակցում է 2014 թվականից, իսկ ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանը՝ 2015 թ.-ից։